Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' ապրիլի 9-ին, այցելել է Վիտտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Կարևորելով Իտալիայի Նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Սերջիո Մատարելլայի հետ հանդիպումը' ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ այն կնպաստի հետագա երկխոսության և հայ-իտալական օրակարգի հետագա ընդլայնման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հագեցած օրակարգով իր պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի հայ-իտալական բարեկամական հարաբերություններին:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ 20 տարվանից քիչ ավելի պատմություն ունեցող հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխըմբռնման ոգով, նշանավորվել բազմաթիվ կարևոր ձեռքբերումներով: Երկու երկրների նախագահները դա պատահական չեն համարել, ընդգծելով, որ հայ-իտալական սերտ կապերի հիմքում ընկած են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը։
Նախագահները կարևորել են, որ վերջին տարիների ընթացքում զգալիորեն ակտիվացել է հայ-իտալական համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում' առաջընթաց ապահովելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարևորվել է նաև, որ երկու երկրների միջև առկա է համապարփակ երկկողմ իրավապայմանագրային դաշտ, որն ընդգրկում է 3 տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։
ՀՀ Նախագահի խոսքով, ներկա այցը բարեկամ Իտալիա հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու համայն հայությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, լավագույնս փաստում է մեր երկրի կողմից Իտալիայի հետ երկկողմ կապերին տրվող կարևորությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իտալացի ժողովրդին, որը փրկեց, օթևանեց ու նոր հույս տվեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայ տարագիրներին, որոնցից վերջինը Իտալիայում ապրեց մինչ անցած տարի։ Նախագահը նաև երախտագիտություն է հայտնել Իտալիային՝ համամարդկային արժեքները կարճաժամկետ շահերից մշտապես վեր դասելու համար, ընդգծելով, մասնավորապես, Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից շուրջ 15 տարի առաջ Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչումը:
Նախագահները քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Իտալիայի նախագահը նշել է, որ Իտալիան այս հարցում ունի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված դիրքորոշում' ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում' հիմնված հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։
Իտալիայի Նախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը շարունակում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերը և ավելացրել, որ այդ անդամակցությունը նաև նոր հեռանկարներ է բացում Հայաստան-Իտալիա հարաբերությունների զարգացման համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իտալիայի միջխորհրդարանական համագործակցության զարգացման կարևորությանը, հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերություններին, Հայաստանում իտալական հնարավոր ներդրումներին: Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգևորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, և դեռևս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:
Հանդիպմանը մեծապես կարևորվել է երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Այս համատեքստում կարևոր նախապայման է համարվել Հայաստանի և Իտալիայի միջև՝ Երևանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը:
Հայաստանի և Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժը՝ կարելի է քայլեր ձեռնարկել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որն առավել համակարգված կդարձնի աշխատանքները նշված ոլորտներում:
Խոսելով ապակենտրոնացված համագործակցության մասին՝ զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ փոխշահավետ համագործակցություն է առկա նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որի ակունքները գնում են 1967թ., երբ Երևանն ու Կառարան հռչակվեցին քույր քաղաքներ։ Այդ շարքը տարեցտարի համալրվում է նոր քաղաքներով ու շրջաններով։ Իտալիայի նահանգային և քաղաքային պատվիրակությունների պարբերական այցերը, նախագահների համոզմամբ, նպաստում են շրջանների միջև ուղիղ կապերի, տնտեսական համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը։
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իտալիայի փոխգործակցությանը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ:
Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իտալիայի Նախագահ Սերջիո Մատարելլայի անունից տրվել է պաշտոնական ճաշ: