ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նոյեմբերի 25-ին այցելել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Նախարարը շրջել է հիվանդանոցում, եղել Ընդհանուր վիրաբուժության, Վերակենդանացման, Օրթոպեդիայի և պլաստիկ վիրաբուժության, Ուրոլոգիայի բաժանմունքներում, վիրահատարանում, ընդունարանում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Մուրադյանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, հետաքրքրվել իրականացվող ծրագրերով, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Նախարարին ներկայայցվել է նաև ինստիտուտի վերանորոգված նորաբաց հարկաբաժինը, որտեղ տեղակայված են թե' մասնագիտական աշխատասենյակներ, թե' ուսումնական հատված:

 

Այնուհետև Արմեն Մուրադյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ: Քննարկվել են բազմապրոֆիլ հիվանդանոցի ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուտի զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Նախարարը նկատել է, որ կատարվել է մեծ աշխատանք, վերանորոգվել են առանձին բաժանմունքներ:

 

Անդրադառնալով ինստիտուտի բուժաշխատողների աշխատավարձի պարտքերին՝ Արմեն Մուրադյանը նշել է, որ հարցը քննարկվել է, կատարվել են մասնակի մարումներ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ պարտքի մյուս մասը վճարել:

 

«Այս ինստիտուտի զարգացման հեռանկարները հստակ են, իսկ զարգացումը պետք է ապահովենք միասնական ջանքերով՝ յուրաքանչյուրս ունենալով մեր պարտավորությունը»,- ասաց նախարար Մուրադյանը:

 

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Արթուր Թամազյանը նշել է, որ խնդիրները հնարավոր է լուծել՝ մեծացնելով հիվանդանոցի աշխատանքային ծավալները: «Նոր բաժանմունքներ են ստեծվել, նոր տեխնիկական ծրագրեր են մշակել, որոնք կնպաստեն հիվանդանոցի արդյունավետ գործունեությանը: Մենք այժմ իրականացնում ենք քայլեր, որպեսզի վճարվեն բուժքույրերի և կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձերի կուտակված պարտքերը»,-ընդգծել է ինստիտուտի տնօրենը: Նշվել է, որ հիվանադանոցում կատարվում է օրական միջինը 8 վիրահատություն, ամսական այստեղ դիմում է 200-220 այցելու:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ինստիտուտի ֆինանսավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ներկայացվել է նաև պետպատվերի տեղադրման խնդիրը: «Պետպատվերը կտեղադրվի այն հիվանդանոցներում, որոնք կունենան նվազագույն ռիսկայնություն, ինչը գնահատելու ենք բուժական աշխատանքի որակով. թե ինչպիսի բուժական ցուցանիշներ է ապահովում այդ հիմնարկը, կատարվո՞ւմ են արդյոք վերլուծություններ, իրականացվում են պաթանատոմիական, կլինիկական կոնֆերանսներ:

 

Այսինքն՝ բժշկական հիմնարկները գնահատվելու են համապատասխան սանդղակով»,- նշել է Արմեն Մուրադյանը: Նախարարն ընդգծել է, որ այդ չափանիշների ապահովման դեպքում պետությունը պատրաստ է ավելացնել գնումների ծավալը տվյալ հիվանդանոցի բժշկական ծառայություններից: Ներկայացվել են նաև առողջապահության ոլորտի առաջնահերթությունները: Հաջորդ տարվանից փորձարարական եղանակով կներդրվի էլեկտրոնային առողջապահության համակարգը:

 

«Առանձին մասնագիտությունների համար մենք պետք է ունենանք չափագրված չափորոշիչներ: Մասնավորապես' կան ոլորտներ, որոնք արդեն իսկ պատրաստ են անցնելու այս համակարգին, օրինակ՝ ուրոլոգիան, սրտային վիրաբուժությունը, անեսթեզիոլոգիան: Այս համակարգի ներդրմամբ վերահսկելի կլինեն թե բժշկական ծառայությունների որակը, թե ֆինանսական կարգավիճակը, թե տեղեկատվական դաշտը»,- ընդգծել է նախարար Մուրադյանը:

 

Բուժանձնակազմի հետ քննարկվել են նաև դատաբժշկությանը, բժիշկների անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում նախարարը շեշտել է չափագրված փաստաթղթերի վարման անհրաժեշտությունը: