Եվրասիական տնտեսական միությունը և Հարավամերիկյան ընդհանուր շուկան (Մերկոսուր) լիաֆորմատ տնտեսական գործակցություն են սկսում: Երկու միավորումների փորձագետներն արդեն գործնականում մշակել են համագործակցության հուշագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ամփոփելով Բուենոս Այրեսում կայացած բանակցությունների արդյունքները:

 

«Մեր այսօրվա աշխատանքը պատմական բնույթ է կրում և նշանավորում է երկու ինտեգրացիոն միավորումների միջև լիաֆորմատ համագործակցության սկսվելը: Այն գործընթացը, որ մենք այսօր գործարկում ենք, թույլ կտա վերացնել փոխադարձ առևտրի խոչընդոտները և նոր հնարավորություններ գտնել կոոպերացման, համատեղ արտադրության համար»,- ասել է Սլեպնյովը:

 

«Մոտ ժամանակներս մենք պետք է հասնենք երկու միավորումների միջև իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի մշակման, որը նոր իրավական հիմք կստեղծի Մերկոսուրի և ԵՏՀ-ի անդամ պետությունների միջև առևտրի համար»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»: