«Երկաթուղայինների նոր արհմիությունը» նոր հայտարարություն է տարածել' հայտնելով, որ գործադուլավորների փոքր թվի պատճառով Վրաստանի երկաթուղային ճանապարհը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնափոխադրումների առումով, եւ որեւէ խոչընդոտ աշխատանքի գործընթացում չի եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հայտնում է «Նովոստ ի-Գրուզիա»-ն:
Այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Վրաստանի երկաթուղային ճանապարհ» բաժնետիրական ընկերության մեքենավերները, ուղեկցորդները եւ տեխնիկական անձնակազմը նոյեմբերի 26-ի առավոտվանից լայնամասշտաբ անժամկետ գործադուլ են հայտարարել:
Դրա պատճառը 2015 թվականի սկզբին ծրագրված երկաթուղայինների որակավորման անցկացումն ու աշխատավարձի նոր համակարգ մտցվելն է: Աշխատակիցները վախենում են, որ նորամուծությունը կբերի մոտ 2 հազար երկաթուղայինների աշխատավարձի նվազեցմանը:
«Երկաթուղայիններիի նոր արհմիությունը» նախապես ներողություն է խնդրում երկաթուղու ուղեւորներից եւ փոխադրող ընկերություններից հնարավոր անհարմարությունների համար: Հույս ունենք, որ հասարակությունն ըմբռնումով կվերաբերվի մարդկանց արդարացի պահանջներին, եւ համերաշխություն կհայտնի մեզ», -նշվել էր արհմիության հայտարարության մեջ: