Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրեց Լարսի անցակետում տիրող իրավիճակը: Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Աննա Նաղդալյանը փոխանցեց, որ Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթը կազմում է 2-2.5 կիլոմետր, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով: «Հերթի գոյացումը հիմնականում վերաբերվում է բեռնատարներին»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Անցակետի վրացական հատվածից ստացված տեղեկատվության համաձայն՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով անցումը Գուդաորի-Կոբի հատվածում արգելված է , ինչը պայմանավորված է եղանակային վատ պայմաններով: «Դրանով պայմանավորված կարող են որոշակի սահմանափակումներ լինել նաև Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակվում է: Մնացած ավտոմեքենաների համար սահմանափակումներ չկան»,- ասաց Աննա Նաղդալյանը: