Վերին Լարսի անցակետի ռուսական կողմից մեքենաների մեծ մասը հետ են գնացել, քանի որ հայտնի չէ, թե ճանապարհը երբ կբացվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

«Վրաստանի սահմանին էլ, գիտենք, որ քաղաքացիներ տեղափոխող մեկ ավտոբուս կա հերթի մեջ: Ռուսական կողմից էլ մեքենաների մոտ 70 տոկոսը հետ են գնացել»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ չի կարող ասել, թե քանի հայկական ավտոմեքենա կա անցակետում:

 

Վերին Լարսի անցակետում հերթի մեջ մնացած հայկական ավտոմոքենաների թվային տվյալների վերաբերյալ տեղեկություններ չունի նաև Միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ Վերին Լարսի անցակետում բազմաթիվ մեքենաներ են կուտակված:

 

Հերթի մեջ կանգնած են հայկական, ռուսական, ուկրաինական, բելառուսական և այլ երկրների բեռնափոխադրող մեքենաներ, սակայն հստակ թիվ չկա, թե քանի հայկական մեքենա կա այս պահին: Նա նաև ընդգծեց, որ թվային տվյալներ դժվար էլ լինեն, քանի որ, ըստ էության, կապ չունի, թե քանի մեքենա կա: «Ինձ այնտեղից հաղորդել են, որ անցակետը կբացվի 10 օրից կամ երկու շաբաթվա ընթացքում, սակայն սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- նշեց Համբարձումյանը:

 

Նա ընդգծեց, որ բավականին մեծ աշխատանք կա տանելու: «Այնտեղ սար է փլուզվել, ճանապարհը երկկողմանի փակ է: Պետք է այդ ամբողջ հողը մաքրեն, որպեսզի ապահովեն մեքենաների տեղաշարժը: Այս պահի դրությամբ Ռուսաստանից եկող ոչ մի մեքենա Հայաստան չի կարող մտնել, և Հայաստանից գնացող մեքենաներն էլ Ռուսաստան չեն կարող մտնել: Ուղղակի պետք է սպասել. տեսնենք' ինչ կլինի»,- ասաց նա:

 

Վրաստանը խոստանում է 2-3 օրում վերականգնել Հայաստան գազի մատակարարումը:

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները:

 

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:

 

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

 

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է դեպքի վայր, ուր շարունակվում են մարդկանց որոնողական աշխատանքները: Վերականգնողական աշխատանքներում ներգրավված են ծանր մեքենաներ: Հանձնաժողովը որոշում է վնասի չափը: «Դարիալի կիրճով անցնող Ռազմավիրական ճանապարհը, որը Վրաստանը կապում է Ռուսաստանին և ուր երեկ գիշեր սողանք է տեղի ունեցել, կվերականգնվի մոտ երկու շաբաթից»,- ասել է Վրաստանի Նախագահը: