ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հույս ունի, որ վրացական կողմը կկարողանա շատ արագ բացել Վերին Լարսի անցակետը և դրա փակ լինելը չի խանգարի դեպի Ռուսաստան գյուղարտադրանքի արտահանմանը:
Օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նշեց, որ Վերին Լարսի անցակետը շատ կարևոր նշանակություն ունի և, եթե այն երկար ժամանակ չգործի, ապա գյուղատնտեսությունը կտուժի: «Սակայն ես հույս ունեմ, որ այն շուտ կբացվի և մենք կկարողանանք շարունակել մեր արտահանումները: Երեկ Վրաստանի վարչապետը վստահեցրել է, որ անցակետը կբացվի 10 օրվա ընթացքում, և ես հույս ունեմ, որ այդպես էլ կլինի և մենք լուրջ խնդիրներ չենք ունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ այս պահին արտահանող կազմակերպությունները շարունակում են մթերման աշխատանքը՝ չնայած այն հանգամանքին, որ Վերին Լարսում անցակետը փակ է: ««Սպայկա»-ն և մթերող ու արտահանող մի շարք կազմակերպություններ շարունակում են մթերման աշխատանքը: Նրանք համապատասխան սառնարաններ ունեն, որտեղ պահում են մթերված արտադրանքը, և երբ անցակետը կբացվի, միանգամից կսկսեն արտահանման գործընթացը»,- ասաց նախարարը՝ ևս մեկ անգամ հույս հայտնելով, որ անցակետը կբացվի այն ժամկետներում, որ խոստացել են Վրաստանի իշխանությունները: