ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մեղադրյալ Վ. Բեգլարյանի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, տասնութ տարին լրացած Վ.Բեգլարյանը 2014 թվականի օգոստոսին Վանաձոր քաղաքում ծանոթացել, ապա ընկերություն է արել նույն քաղաքի'տասնվեց տարին չլրացած մի բնակչուհու հետ, որի ընթացքում թե՛ վերջինիցս և թե՛ նրա ծնողներից տեղեկացել է Մ.Գրիգորյանի անչափահաս լինելու' տասնվեց տարին լրացած չլինելու հանգամանքի մասին:
Շփումների ընթացքում' 2014 թվականի սեպտեմբերի սկզբին, Վ.Բեգլարյանը և աղջիկը գնացել են Վ.Բեգլարյանի բնակության տնակ և նույն օրը փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունեցել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հասատատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: