Հայ-արգենտինական միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ուղղված գործունեության համար Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆենրնանդես դե Կիրչների կողմից Արգենինայի արտաքին գործերի նախարարության «Սան Մարտին» պալատի ոսկեզօ ծ դահլիճում նոյեմբերի 26-ին պարգևատրվել է Արգենտինայի Մեծ խաչի աստիճանի մայիսյան շքանշանով: Արարողությանը ներկա են եղել Արգենտինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդո Սուայինը, Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Բացման խոսքով է հանդես եկել Արգենտինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էդուարդո Սուայինը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակին՝ նա նշել է, որ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո, զարգացավ քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Բարձր գնահատելով հայ համայնքի դերն ու նշանակությունը Արգենտինայի, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում' նախարարի տեղակալն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ հայերը դարձել են երկրի հասարակության անբաժանելի մասնիկը և իրենց արժեքավոր ներդրումը բերել Արգենտինայի զարգացման գործում:

 

Դեսպան Մելիքյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրչներին՝ նման բարձր պարգևի արժանացնելու համար։ Անդրադառնալով 2014թ. հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Արգենտինա կատարած պաշտոնական այցին՝ դեսպանը բարձր է գնահատել երկկողմ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

 

Դեսպանը նշել է, որ Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ և գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր, դառնալով երկրի արժանավոր և օրինապաշտ քաղաքացիներ, այսօր նույնպես իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ և թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։

 

Արարողության ավարտին տեղի է ունեցել ընդունելություն: