Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Աստրիդ Փանոսյանին պարգեւատրել է «Վաստակի համար» Ազգային շքանշանով։ Այս մասին իր թվիթերյան էջում նշել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Աստրիդ Փանոսյանին Ելիսեյան պալատում գեղեցիկ արարողության ժամանակ «Մերիտա ազգային շքանշանի ասպետ» ճանաչվելու եւ «Վաստակի համար» Ազգային շքանշան ստանալու առիթով։ Արժանի պարգեւ այս նվիրված ու սրտացավ կնոջ համար»,- գրել է նա։
Նշենք, որ Աստրիդ Փանոսյանը «Առաջ, Հանրապետություն» ֆրանսիական կենտրոնամետ լիբերալ քաղաքական կուսակցության համահիմնադիրն է: Նա նաեւ զբաղեցրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների նախարարի խորհրդականի եւ նրա աշխատակազմի անդամի պաշտոնը։
Աստրիդ Փանոսյանը Ֆրանսիայի կոմերցիայի Բարձրագույն դպրոցի, ինչպես նաեւ Փարիզի Քաղաքական հետազոտությունների IEP ինստիտուտի շրջանավարտ է։
Աստրիդը նաեւ Հարվարդի համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան:
Փանոսյանը խորհրդական է աշխատել ամերիկյան AT Kearney քոնսալթինգային ընկերությունում, եղել է «Groupama» ֆրանսիական խոշոր ապահովագրական ընկերության գլխավոր քարտուղարը։ 2015 թվականից «Unibail-Rodamco» անշարժ գույքի ֆրանս-նիդերլանդական ընկերության գլխավոր տնօրենն է։