Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հանդես կգա հարակից զեկուցմամբ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը քվեարկության դրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գալու հարցը: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվեց. հարակից զեկուցմամբ հանդես գալու որոշմանը կողմ քվեարկեց 5, դեմ՝ 4 պատգամավոր:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը քվեարկությունից առաջ նշեց, որ ինքը նպատակահարմար չի համարում, որ հանձնաժողովը հարակից զեկուցմամբ հանդես գա, քանի որ դրա համար իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր՝ պայմանագրին ծանոթանալու համար, իսկ այդ ժամանակը չկա: «Բացի այդ, մենք քննարկման ժամանակ չենք կարողանալու արտահայտել հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքները, ուստի կարծում եմ, որ իմաստ չունի, որ մենք հարակից զեկուցմամբ հանդես գանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Ալեքսանդր Արզումանյանի տեսակետը պաշտպանեցին նաև Նիկոլ Փաշինյանը, Գուրգեն Արսենյանը և Վահան Բաբայանը: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը տնտեսական է և կապ չունի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, ուստի նպատակահարմար չէ հարակից զեկուցմամբ հանդես գալ: Գուրգեն Արսենյանն էլ պնդեց այն միտքը, որ հանձնաժողովի անդամները տարբեր կարծիքներ ունեն պայմանագրի վերաբերյալ և հարակից զեկուցման ժամանակ հնարավոր չի լինելու հանձնաժողովի միասնական դիրքորոշումը հայտնել: Նա առաջարկեց, որպեսզի իրենք հրաժարվեն հարակից զեկուցումից և լիագումար նիստում քննարկման ժամանակ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնի իր տեսակետը:

 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես գալու որոշմանը կողմ արտահայտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում խորհրդարանը քննարկելու է շատ կարևոր պայմանագիր, ուստի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է մանրամասն քննարկի պայմանագիրը և հանդես գա հարակից զեկուցմամբ:

 

Թևան Պողոսյանի տեսակետը պաշտպանեցին նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

 

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը քվեարկությունից հետո, երբ պարզ դարձավ, որ հանձնաժողովն, այնուամենայնիվ, հանդես է գալու հարակից զեկուցմամբ, ընդգծեց, որ մինչ լիագումար նիստում պայմանագրի քննարկումը, հանձնաժողովը պետք է այն առանձին քննարկի: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովում հարցի քննարկման օրն ու ժամն օրվա ընթացքում կորոշեն և կտեղեկացնեն: