Ինը ֆակուլտետ, 25 ամբիոն, 350 դասախոս եւ 3300 ուսանող: Թվերը Արցախի պետական համալսարանի տասնամյակների ակտիվ գործունեության եւ ձեռքբերումների ապացույցն են: Այսօր Արցախի Մայր բուհում դասախոսություններ են կարդում դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ, այստեղ հաճախ են անցկացվում հանդիպումներ արտերկրից ժամանած դասախոսների հետ ու տարեցտարի Արցախի Մայր բուհը ամրագրում է իր դերը' որպես երկրի կրթության եւ գիտության կարեւորագույն կենտրոններից մեկը

 

Արցախի պետական համալսարանը (ԱրՊՀ-ն) տոնում է հիմնադրման 45-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ համալսարանոմ նոյեմբերի 28-ին կայացել է նիստ' ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Արցախի Մայր բուհից, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացնելով բուհի գործունեությունը երկրի կրթական եւ մշակութային զարգացման գործում, շեշտել է նաեւ այն հանգամանքը, որ Արցախյան շարժման տարիներին, բուհը վերածվել էր երիտասարդության եւ հայրենասիրական մղումների շ արժիչ կենտրոնի:

 

«Արցախի Մայր բուհը երկրի հասարակական եւ տնտեսական հիմնական կորիզն է՝ կադրերի մատակարարման դարբնոց: Համալսարանի 22 հազար շրջանավարտներից շատերն այսօր զբաղեցնում են պետական պաշտոններ եւ նրանց ձեռքում է երկրի ղեկավարման ղեկը։ Անգնահատելի է Արցախի պետական պամալսարանի դերը Արցախյան շարժման տարիներին։ Շուրջ 400 ուսանողներ մասնակցել են արցախյան գոյամարտին: Ցավոք, նրանցից շատերը չեն վերադարձել»,- ասել է Մանուշ Մինասյանը:

 

Հոբելյանի կապակցությամբ մի շարք դասախոսներ համալարանի կրթական գործում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրվել են ԼՂՀ վարչապետի հուշամեդալով եւ պատվոգրով: Պատվոգրեր է հանձնել նաեւ ԱԺ նախագահը:

 

Արցախի պետական համալսարանն ստեղծվել է 1969թ.-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում: Ստեղծման պահին համալսարանը կոչվում էր «Բաքվի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղ» և ուներ ընդամենը երկու ամբիոն' լեզվի և գրականության ու մաթեմատիկայի. ուսուցումը հայերեն ու ադրբեջաներեն էր, հետագայում նաև' ռուսերեն:

 

1973թ. բուհը ստացավ ինքնուրույն կրթօջախի կարգավիճակ և վերանվանվեց Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտ: Արցախյան պատերազմի թեժ տարիներին' 1992թ. հոկտեմբերին, Հայաստանի « Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց միավորել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը Երևանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հետ' միավորված նորաստեղծ բուհն անվանելով Արցախի պետական համալսարան' ԱրՊՀ: