Դեկտեմբերի առաջին շաբաթը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հանդիպումներ կիրականացնի Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն տարածած հաղորդագրությունը:

 

Հայտարարության մեջ, որը արել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ասվում է հետևյալը. «Խորհրդարանական երեք խմբակցությունների համագործակցության արդյունքում այդպես էլ չներկայացվեց ամբողջական իշխանափոխության միասնական գործողությունների առաջարկ և իրականացման ժամանակացույց:

 

Քաղաքական վիճահարույց ընթացքը անհրաժեշտություն է առաջացրել խմբագրելու մեր պայքարի քաղաքական մարտավարության, ռազմավարության, համագործակցության և դիմադրական էներգիայի հզորացման հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Հրապարակային հանդիպումները, որը նախաձեռնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, կանցկացվեն. դեկտեմբերի 5-ին, ժամը 17:00-ին' Երևանի Ազատության հրապարակում, դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին' Վանաձորի Արցախի պուրակում, և նույն օրը, ժամը 17:00-ին' Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում: