Անցնող օրվա կարևորագույն նորություններն ըստ ՝  «Mediamall.am» -ի.





 

Ազատան գյուղի մոտ ՃՏՊ-ի հետևանքով 4 տուժածներից երկուսի վիճակը ծանր է

 

 

ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 27-ին' ժամը 01.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի 118–րդ կմ-ին՝ Ազատան գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 34LV761 պետհամարանիշով (վարորդ' Ս. Ս., ծնվ. 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ Ս. Ս.-ը (ծնված 1989թ.), ուղևորներ Ա. Խ.-ը (ծնված 1995թ.), Ա, Հ,-ը (ծնված 1990թ.) և Ն. Մ.-ը (ծնված 1991թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ս.Ս.-ի և Ա.Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ա.Հ.-ի և Ն.Մ.-ը' բավարար: Հրշեջ -փրկարարներն ուղղել են ավտոմեքենան հոսանքազրկել և փակել գազի փականը:

 

 

***

 

 

ԱՄՆ-ում սկսվել է «սև ուրբաթը»

 

 

ԱՄՆ-ում սկսվել է «սև ուրբաթը»: Միլիոնավոր մարդիկ շտապում են խանութներ՝ մեծ զեղչերի հետևից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Հենց «սև ուրբաթից» է ԱՄՆ-ում, ըստ ավանդույթի, մեկնարկում սուրբծննդյան զեղչերի շրջանը: Այդ օրը բազմաթիվ խանութներ բացում են դռները կեսգիշերին կամ ավելի շուտ: Իսկ մինչ այդ դռների մոտ արդեն գնորդների հսկայական հերթեր են գոյանում, ովքեր ցանկանում են գնումներ կատարել աննախադեպ ցածր գներով:

 

Որոշ խանութներ «սև ուրբաթի» փոխարեն որոշել են «սև հանգստյան օրեր» կազմակերպել՝ երկարաձգելով զեղչերը մինչև երկուշաբթի: Իսկ «սև ուրբաթին» հաջորդող երկուշաբթին կոչվում է «կիբերերկուշաբթի» և ամենալարված օրն է առցանց խանութների համար:

 

 

***

 

 

Քաջարանում հրդեհից տուժած կինը մահացել է հիվանդանոցում

 

 

Նոյեմբերի 27-ին ժամը 22.35-ին Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի թիվ 2 շենքի Ալբերտ Հարությունյանին պատկանող թիվ 1 բնակարանում բռնկված հրդեհից տուժած ամուսիններից կինը՝ Անգին Ազարյանը՝ ծնված 1937թ., նոյեմբերի 28-ի առավոտյան մահացել է հիվանդանոցում:

 

Ամուսինները հիվանդանոց են տեղափոխվել թեթեւ այրվածքներով, իսկ կնոջ մահվան պատճառն այն է, որ նա տառապելիս է եղել քաղցկեղով եւ վերջին օրերին համարա թե անգիտակից վիճակում է եղել: «Ամուսինը՝ Ալբերտ Հարությունյանը՝ ծնված 1938թ., հրդեհից ստացել է թեթեւ այրվածքներ, սակայն տառապում է Պարկինսոնի հիվանդության ծանր տեսակով, ին չի պատճառով վիճակն այս պահին գնահատվում է ծանր», - ասաց Աթաջանյանը:

 

Ենթադրվում է, որ հենց ամուսինների անօգնական վիճակի պատճառով էլ բնակարանում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգ ստանալուն պես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.11-ին, մարվել՝ 23.17-ին: Մասամբ այրվել եւ ջերմահարվել է բնակարանի գույքը:

 

 

***

 

 

Ադրբեջանում առեւանգնվել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցը

 

 

Բաքվում անհայտ անձինք առեւանգել եւ անհայտ ուղղությամբ են տարել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Թուրխան Քերիմովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ին հայտնել է նրա եղբայրը' Ազիզ Քերիմովը:

 

«Նա ամեն առավոտ հանդիպում էր ընկերոջը եւ նրա մեքենայով գնում աշխատանքի: Առավոտյան մոտ ժամը 11-ին տանից դուրս գալուն պես երկու անհայտ անձինք նրան բռնությամբ մտցրել են սեւ մեքենայի մեջ եւ տարել: Ընկերը փորձել է հետապնդել մեքենային, սակայն կորցրել է հետքը», -թերթին հայտնել է Ա. Քերիմովը:

 

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղյակլ չէ միջադեպից:

Թուրխան Քերիմովը «Ազադլըգ» ռադիոկայանի կայքի լուսանկարիչ-լրագրողներից է: Նա նյութեր է պատրաստում սոցիալական եւ քաղաքական թեմաներով եւ Facebook-ի ակտիվ բլոգեր է:

 

 

***

 

 

Ջոն Հեֆերնը փակ հանդիպում է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

 

 

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն Ազգային ժողովում փակ հանդիպում է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ հանդիպման ընթացքում շատ կառուցողական քննակումներ են անցկացվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորների հետ:

 

«Քննարկումներն անցան կառուցողական մթնոլորտում: Մենք կարևորում ենք նման հանդիպումները և քննարկումները և պարբերաբար հանդիպում ենք մեր գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հեֆերնը:

 

Դեսպանն ընդգծեց, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն իրենց կարևոր գործընկերներից է, որի անդամների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում՝ հավելելով, որ օրենսդրական դաշտում իրականացվող գործունեությունը շատ կարևոր նշանակություն ունի:

 

Լրագրողների այլ հարցերին ԱՄՆ դեսպանը հրաժարվեց պատասխանել:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արտաշես Գեղամյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Գուրգեն Արսենյանը:

 

 

***

 

 

Սյունիքի մարզպետն առողջ է և անցել է պարտականությունների կատարմանը. հայտարարություն

 

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջ է և զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ:

 

Ի պատասխան նոյեմբերի 27-ին ԶԼՄ-ներով տարածված լուրերի, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է, մարզպետարանը տարածել է հաղորդագրություն: «Նոյեմբերի 27-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնում Սուրիկ Խաչատրյանը ենթարկվել է հերթական պրոֆիլակտիկ բժշկական զննման:

 

Մարզպետի առողջությունը լավ է և հետազոտության արդյունքում առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել: Սուրիկ Խաչատրյանն առողջ է և զբաղված է պաշտոնեական պարտականությունների կատարմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

***

 

 

Արտակարգ իրավիճակ' կառավարության շենքում. ԱԻՆ-ը խոշոր ուսումնավարժանք է անցկացրել

 

 

ՀՀ կառավարության շենքում (Կառավարության տուն 3) նոյեմբերի 28-ին անցկացվել է «Խոշոր հրդեհի առաջացման դեպքում աշխատակիցների պաշտպանության միջոցառումների իրականացում» թեմայով ուսումնավարժանք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ ուսումնավարժանքի պլանի, հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող նախարարությունների և այլ ծառայությունների աշխատակիցների տարահանումն ու հրդեհաշիջումը: Վարժանքը ղեկավարել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

 

Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատն ու կինոլոգիական խումբը, որոնք անմիջապես սկսել են հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները:

 

ԱԻ նախարարության ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի պարամեդիկների խումբը տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, իրավիճակի վերահսկողությունը հանձնել է շտապօգնության ծառայության աշխատակիցներին: Շտապօգնության մեքենաների' արագ և առանց արգելքների դեպքի վայր հասնելը ոստիկանության վերահսկողության տակ էր:

 

Ավտոսանդուղքի միջոցով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից, հրդեհի մեկուսացումից, մարման և նախարարությունների, գերատեսչությունների աշխատակիցների տարահանման միջոցառումներից հետո հրշեջ-փրկարարաները կատարել են նաև ինքնափրկաման գործողություններ:

 

Ուսումնավարժանքի ընթացքին հետևել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը: Նա բարձր է գնահատել լայնամասշտաբ ուսումնավարժության ամբողջ գործընթացը' հավելելով, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի հմտանալ և բացահայտել խնդիրներն ու բացթողումները:

 

 

***

 

 

Վաչե Գաբրիելյանը կրկին նախարարի պաշտոն ստացավ

 

 

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վ. Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.

 

1. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ



***




Վերահսկիչ պալատը պատժիչ ձեռք չէ

 

 

Նոյեմբերի 28-ին՝ Կառավարության ընդունելությունների տանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի նախաձեռնած միջազգային համաժողովը' «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության և արդյունավետության հզորացումը» թեմայով:

 

Համաժողովի մասնակիցներն էին ՀՀ Վերահսկիչ պալատի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ:Շարունակւթյունն՝ այստեղ:

 

 

***

 

 

ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստի մասնակիցները հարգել են խոցված ուղղաթիռի անձնակազմի հիշատակը

 

 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պա շտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին Պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարարական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:

 

Կոլեգիայի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված խիզախ հայորդիների հիշատակը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Դանակի սպառնալիքով ավազակային հարձակում Երևանում. հարուցվել է քրեական գործ

 

 

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է քաղաքացի Ռ.Խաչատրյանի նկատմամբ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 

2014թ. նոյեմբերի 23-ին Ռ.Խաչատրյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ենթարկվել է հարձակման. Երևան քաղաքի Կորյունի փողոցում՝ Բժշկական համալսարանի մոտ, առերևույթ հանցագործություն կատարած անձը դանակի սպառնալիքով հափշտակել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Ռ.Խաչատրյանի մոտ գտնվող գումարը և ոսկյա շղթան (27 գրամ)։

 

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Խաչատրյանը, մշտական աշխատանք չունենալով, իրեն պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ:

 

2014թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, նրա ավտոմեքենան է նստել քաղաքացի Կ. Ահարոնյանը և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ Կորյունի փողոց, փոխադրելու պատվեր տվել: Ռ.Խաչատրյանն ընդունել է պատվերը և նրան փոխադրել Կորյունի փողոց, որտեղ էլ Կ.Ահարոնյանն իր մոտ գտնվող դանակով Ռ.Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող ոսկյա շղթան և առկա կանխիկ գումարը։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Ահարոնյանին 27.11.2014թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կ.Ահարոնյանի վերաբերյալ ներկայումս քննվում է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված գործի շրջանակներում նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: