Գյումրու անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին աշխուժություն է նկատվում: Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալություններում աշխուժությունն հիմնականում նկատում են բազմաբնակարան շենքերի բնակարանների մասով:
Այստեղ մոտ 15 տոկոս գնային աճ է նկատվում, առանձնատների համար աճը կազմում է 10 տոկոս: Հիմնականում թանկացել են միջին ու ցածր արժողությամբ բնակարանները: Ի տարբերություն առանձնատների, որոնց 1 քառակուսի մետրի արժեքը կախված է տան վիճակից շատ փոփոխական է' սկսած 60 հազար դրամից մինչև 160 հազար դրամ, բնակարանների միջին գինը՝ 1 քառակուսի մետրի համար 120-140 հազար դրամի սահմանում է:
Ինչպես ցույց է տալիս գործընթացն, այս պահին քաղաքի կենտրոնից բացի, պահանջված են «Մուշ 2», «Անի» թաղամասերի, Գարեգին Նժդեհ, Շիրակացի փողոցների հատվածների բնակարանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրեն Արարատ Պապոյանը, գնային տարբերություն կա կենտրոնի և մյուս թաղամասերի միջև, այն է' 1 քառակուսի մետրի համար մոտ 80 տոկոսի տարբերություն:
Բայց նախկինում այդ տարբերությունն ավելի մեծ է եղել: Բնակարանների գների բարձրացման վրա ա զդել են մի քանի գործոններ: «Այն գործոնները, որոնք պետք է ազդեցություն ունենային անշարժ գույքի թանկացման վրա, դեռ չիրականացված, շուկան արդեն արձագանքել է, ու արդեն բնակարանները թանկացել են: Ենթադրվում էր, որ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հետ կապված բնակարանները կարող էին թանկանալ, բայց թանկացումը սկսվել է մինչ այդ: Թանկացումը կապված է նաև սեզոնի համար բնորոշ թանկացման հետ՝ արտագնա աշխատանքից վերադարձողների՝ բնակարան գնման գործընթացի հետ»,- նշեց Արարատ Պապոյանը:
Խոսելով քաղաքացիների գնողունակության մասին՝ նա ասաց, որ, ի տարբերություն տարեսկզբի, այս պահի դրությամբ գնողունակությունն ավելի բարձր է: «Այս ամենը կապ ունի տնտեսական կյանքի ակտիվության հետ, բայց ասել, թե ինչպիսին կլինի շուկան առաջիկայում, այս պահին դժվար է. այդ ամեն ավելի հստակ կլինի առաջիկա 3 ամիսների ընթացքում, բայց այն, որ փոփոխություն կլինի՝ դա հստակ է, կա'մ ավելի կակտիվանա, կա'մ կպասիվանա:
Ի դեպ, եթե անցած տարիների ընթացքում շատ բացառիկ էր, երբ հանրապետությունից դուրս ապրող բնակվողները ցանկություն հայտնեին բ նակարան գնել Գյումրիում, այս տարի այս առումով փոփոխություն կա, և ցանկացողներ կան, բայց ասել, որ այդ գործընթացը ակտիվությամբ է իրականացվում՝ սխալ է»,- նշեց Արարատ Պապոյանը:
Արմենուհի Մխոյան