Անշարժ գույքի շուկայում գների նվազման միտում կա: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, շեշտելով՝  երկարաժամկետ հատվածում դժվար է հստակ ասել՝ անշարժ գույքի գների նվազման միտում կա, թե՝ ոչ. վերջին մի քանի ամիսներին գների նվազման միտում՝ ոչ շատ զգալի, սակայն  նկատվում է:

 

Ըստ Կառլեն Խաչատրյանի՝ անշարժ գույքի գների նվազումը պայմանավորված է սեզոնայնությամբ, արտագաղթով. «Ձմռան ամիսներին, սովորաբար, նկատվում է անշարժ գույքի գնաճ: Ինչ վերաբերում է միգրացիային, ապա պաշտոնական վիճակագրական տվյալները փաստում են, որ մեր երկրից բնակչության արտահոսք կա, և մարդիկ լքում են երկիրը՝ իրենց ունեցվածքը վաճառելով»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այս գործոններն, անշուշտ, իրենց ազդեցությունն ունենում են անշարժ գույքի շուկայի վրա: 

 

Պարենային շուկայում, հետընտրական պրոցեսներին զուգահեռ՝ գնաճ նկատվեց, թանկացան առաջին անհրաժեշտության ապրանքները, տնտեսագետից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է անշարժ շուկայում ևս փոփոխություներ տեղի ունենան այդ գոծոնով պայմանավորված, տնտեսագետը նկատեց, որ ընտրություններից անցել է ընդամենը տասը օր, իսկ անշարժ գույքի շուկան ստատիկ է և հստակ փոփոխությունների չի ենթարկվում. «Հետընտրական կամ նախընտրական շրջանը անշարժ գույքի շուկայի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող: Գուցե սպառողական ապրանքների շուկայում գնաճի միտումներ կարողանանք տեսնել մոտ ժամանակներում, բայց անշարժ գույքի շուկայում, ընտրություններով պայմանավորված՝ էական փոփոխություններ դժվար թե տեղի ունենան»,- ասաց նա՝ պարզաբանելով, քանի որ անշարժ գույքի իրացման գործընթացը բավական դանդաղ է տեղի ունենում, այս իմաստով, չի կարողանում արագ արձագանքել փոփոխություններին: 

 

Կառլեն Խաչատրյանն, անդրադառնալով առաջիկայում անշարժ գույքի գների փոփոխություններին, կարծիք հայտնեց՝ անշարժ գույքի շուկայում գների միտումները սերտորեն կապված են տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներով. «Եթե տնտեսությունը աշխուժանա՝ աշխատավարձերը բարձրանան, բնակչության ընդհանուր կենսամակարդակը ավելանա, բնականաբար, պահանջարկը կմեծանա անշարժ գույքի նկատմամբ ու, ըստ այդմ, գները կբարձրանան»,- ասաց նա՝ հավելելով՝ քանի դեռ նման միտումներ չկան, առաջիկա մեկ տարվա կտրվածքով անշարժ գույքի գները կայուն կմնան, էական տատանումներ՝ բարձրացումներ կամ նվազումներ, դժվար թե գրանցվեն:

 

Սոնա Հարությունյան