Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում կունենա լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին: «Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ստեղծելու է իր բյուջեն, որով ֆինանսավորելու է միության մարմինների գործունեությունը: Եվ, սկսած 2016թ. հունվարի 1-ից Հայաստանն այդ բյուջեից կվարի իր մասնաբաժինը, որը կկազմի այդ բյուջեի 1.13 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե ԵՏՄ-ում մաքսային օրենսդրության հետ կապված կարգավորումներ իրականացնելու որոշումը որ մարմինն է ընդունում՝ Կարայանն ընդգծեց, որ ԵՏՄ-ն տնտեսական միություն է և չունի խորհրդարան, իսկ կարևոր որոշումները մշակվելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, հավանության են արժանանալու բոլոր մարմինների կողմից և պայմանագրերի տեսքով ներկայացվելու են միության անդամ երկրների խորհրդարանների վավերացմանը:
Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանում է պատգամավորների հարցերին: