Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղաշարժեր չի նկատում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նշեց, որ շուրջ մեկ ամիս առաջ կայացած ասուլիսին ասել է նույնը ու այդ ժամանակվանից հետո ոչինչ չի փոխվել: «Հայաստանի ներքին քաղաքականությունում ոչինչ չի կատարվում, միայն Հայաստանը շարունակվում է Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը: Ինչպես նախկինում, ես հիմա էլ կասկածում եմ, որ դա մինչ հունվարի մեկը կիրականանա, չնայած ոչինչ բացառված չէ: Ամեն դեպքում' գործընթացը վաղ թե ուշ ավարտին կհասցվի»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Նրա դիտարկմամբ' Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարաններում համաձայնագիրը կվավերացնեն մինչև նոր տարի, ինչ վերաբերում է Ղազախստանին և Բելառուսին, դեռ պարզ չէ, բայց վաղ թե ուշ գործընթացը իր եզրափակումը կստանա:

 

Խոսելով արտաքին քաղաքական զարգացումներից' Իսկանդարյանը շեշտեց, որ շարունակում են վատանալ ու սրվել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, որը շատ զգալի ազդեցություն է ունենում նաև մեր տարածաշրջանի վրա: «Խաղը, որ իրականավում է «Հարավային գազային միջանցք» ծրագրի շուրջ, բերում է նրան, որ նվազում են նավթի գները, բայց դրանք հասնում են ճգնաժամային շեմին, որը շատ վատ է անդրադառնում Ռուսաստանի վրա, ինչն արտացոլվում է նաև մեզ վրա, արդեն իսկ տեսնում ենք տնտեսական դժվարություններ: Ես չեմ էլ խոսում դրամի արժեզրկման մասին, որը դրա դրսև որումներից մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ'նշեց քաղաքագետը:

 

Անդրադառնալով Պուտինի' Անկարա կատարած այցին, Իսկանդարյանը հայտնեց, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վերջին տարիներին բարելավվել են: Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների փուլում, երբ վատանում են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, Ռուսաստանը փորձում է մեկուսացումից դուրս գալու ուղիներ փնտրել:

 

«Խոսքն այլ շուկաներ մուտք գործելու մասին է, այդպիսին կարող են ծառայել Թուրքիան, Չինաստանը: Չնայած Թուրքիան շատ գազ չի սպառում, բայց եթե «Հարավային գազային միջանցք»-ն իսկապես անցնի Թուրքիայով, դա կլինի հենց այդ շուկան»,-նշեց քաղաքագետը' հավելելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոսում են առևտրատնտեսական կապերն ամրապնդելու մասին: «Ռուսաստանը Թուրքիայի համար երկրորդ գործընկեր երկիր է, Թուրքիան Ռուսաստանի համար' յոթերորդ, նրանք խոսում ենք առևտրաշրջանառության ծավալների մեծացման հնարավորության մասին: Եթե ռուս-թուրքական հարաբերությունները լավանան, իսկ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները վատանան, դա մեզ վրա էլ կանդրադառնա»,-եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: