Ռոստովի Օկտյաբրսկի շրջանային դատարանը իսլամիստների (նուրսիստների աղանդի) բաժանմունքի' ազգությամբ ադրբեջանցի հոգեւոր առաջնորդ Հաջիբեկ Իսմայիլովին տուգանել է 130 հազար ռուբլով' ծայրահեղական նյութեր տարածելու համար:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

«Իսմայիլովը խոստովանել է մեղքը, այդ պատճառով դատարանը հնարավոր է համարել նրան պատժել տուգանելու միջոցով առանց ազատազրկման», -գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի բաժանմունքում:

 

Հաջիբեկ Իսմայիլովը ծնվել է 1966 թվականին Ադրբեջանում: Ռոստովում նա սեփական բնակարանը վերածել էր աղանդի հետեւորդների աղոթատեղիի, որտեղ մոլլայի դեր էր կատարում:

 

«Խուզարկության ժամանակ Իսմայիլովի տանը «նուրչուլար» հոգեւոր աղանդի առաջնորդ Սաիդ Նուրսիի հեղինակությամբ մոտ 1000 կտոր կրոնական գրականություն է հայտնաբերվել: Հայտնաբերված գրքերի մի մասը նշված է ՌԴ արդարադատության նախարարության կողմից արգելված ծայրահեղական գրականության ցուցակում: Իսմայիլովը կրոնական գրականությունը ստանում էր Թուրքիայից», -հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը: