Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Անկարան շարունակում է Ռուսաստանից գնվող գազի գինն իջեցնելու շուրջ Մոսկվայի հետ տարվող երկխոսությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TRTHaber հեռուստաալիքը:
Յըլդըզը նշել է, թե այն գինը, որը ռուսաստանյան կողմն առաջարկել է Անկարային, վերջնական չէ: Նա հույս է հայտնել, որ ռուսաստանյան գազի գնի հարցում վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի եկող շաբաթվա ընթացքում:
Դեկտեմբերի 1-ին այցով Անկարայում գտնվող Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2015 թվականի հունվարից Թուրքիան ռուսաստանյան գազի 6 տոկոսանոց զեղչ կստանա: Սակայն, Անկարան գտնում է, որ 6 տոկոսանոց զեղչը Թուրքիայի համար քիչ է:
Անկարան հույս ունի, որ, հաշվի առնելով Թուրքիայում գազի պահանջարկը, ռուսաստանյան կողմը գնի հարցում լրացուցիչ զեղչ կանի:
Ռուսաստանը Թուրքիայի համար բնական գազի գլխավոր մատակարարն է: Անցյալ տարի Թուրքիա է մատակարվել 26,7 մլրդ խոր.մ ռուսաստանյան գազ: Ընթացիկ տարում ծրագրվում է մեծացնել Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալը տարեկան մինչև 30 մլրդ խոր.մ