Թուրքական «Բոթաշ» ընկերությունը հրաժարվել է «Գազպրոմ»-ի հետ ստորագրել Թուրքիա մատակարարվող ռուսաստանյան գազի գինը 10,25 տոկոսով զեղչվելու մասին համաձայնագիրը' զեղչման այդ մակարդակը իր համար համարելով անընդունելի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները' նշելով, որ թուրքական կողմը դա հիմնավորել է այն բանով, որ զեղչի չափի մասին ռուսաստանյան կողմի առաջարկը ընդունելի չէ, քանի որ այն պետք է կիրառվի գնվող գազի որոշակի ծավալից սկսած:
Այդուհանդերձ, թուրքական նախարարության աշխատակիցները խնդրի շտկումը հնարավոր են համարել: Ենթադրվում է, որ ռուսաստանյան գազի զեղչման հարցով Թուրքիան կդիմի իրավարարակ դատարան:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան եւ Անկարան համաձայնության են եկել ռուսական գազը 10,25 տոկոսով զեղչելու հարցում: Յըլդըզն անցյալ տարի հայտնել էր, որ Անկարան մտադիր է մինչեւ 2015 թվականի վերջը մատակարարվող ռուսաստանյան գազը ձեռք բերել15 տոկոս զեղչված գնով:
Գազի գինը զեղչելու մասին անցյալ տարի դեկտեմբերի 1-ին Թուրքիա կատարած այցին հայտարարել էր ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչից անմիջապես հետո թուրքական կողմը հայտարարել էր, որ շարունակելու է այն ավելի մեծ զեղչով գնելու շուրջ բանակցությունները: