Վերջին երեք շաբաթում ռուսաստանյան գազի' Թուրքիա մատակարարումների ծավալների կրճատումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, եւ Անկարան հույս ունի, որ մատակարարումները վերստին կաճեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Kanal7 հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Ստամբուլում նոյեմբերի 20-ին անցկացված էներգետիկայի եւ էկոնոմիկայի հարցերով Ատլանտյան խորհրդի 6-րդ գագաթնաժողովում Յըլդըզը հայտարարել էր, որ Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարումները 42 մլն խմ-ից նվազել են 27-28 մլն խմ-ի:
Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա գազի հիմնական մատակարարողը: Անցյալ տարի 26,7 մլրդ խմ ռուսաստանյան գազ է մատակարարվել Թուրքիա: Ընթացիկ տարում ծրագրվում է Թուրքիա Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները հասցնել մինչեւ 30 մլրդ խմ-ի:
Նոյեմբերի 19-ին Թուրքիան Ալժիրից գազ ներկրելու վերաբերյալ նոր պայմանագիր է կնքել, որի գործողության ժամկետը10 տարի է: Թուրքիան բնական գազ գնելու պայմանագրեր ունի նաեւ Ադրբեջանի, Իրանի եւ Նիգերիայի հետ: