Երևանի քաղաքապետարանն առավել կարիքավոր, հաշմանդամություն ունեցող 85 անձի դրամական աջակցություն է տրամադրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առիթով, Երևանի քաղաք ապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Հայաստանի կույրերի և խուլերի միավորումներ:
Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները Երևանի քաղաքապետարանի սոցիալական առաջնահերթություններից են, և ըստ այդմ, քաղաքապետարանն ընդլայնելու է համագործակցությունը ոլորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ և նաև քաղաքային նշանակության ծրագրերով հնարավորին աջակցելու է առկա հիմնահարցերի լուծմանը:
Քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության գրեթե բոլոր ծրագրերում առաջնահերթության կարգով ընդգրկվում են նաև հաշմանդամները, և այդ մոտեցումը շարունակական է լինելու։
Հայաստանի կույրերի և Հայաստանի խուլերի միավորումների ղեկավար կազմի ներկայացուցիչներն ու անդամները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին մշտական ուշադրության և հոգատարության համար՝ նշելով, որ հատկապես վերջին տարիներին ակնառու են հաշմանդամների ազատ տեղաշարժին նպաստող քաղաքաշինական, սոցիալական և այլ ուղղվածության ծրագրերը: