Թեհրանում անցկացվող Իսմալական համագործակցության կազմակերպության անդամ երկրների տեղեկատվության նախարարների 10-րդ նիստում, որը նվիրված է «Հանուն խաղաղության եւ կայունության մամուլի ինտեգրացիան» թեմային, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հանդես է եկել հակահայկական սադրիչ հայտարարությամբ:

 

Նիստի բացման խոսքում ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կողմոնորոշման նախարար Ալի Ջեննաթիի արած այն հայտարարությանը, որ հավաքը նվիրված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները օբյեկտիվորեն լուսաբանելու համար կազմակերպության անդամ երկրների տեղեկատվական կառույցների միջեւ համագործակցությունն ուժեղացնելու եւ տեղեկատվության փոխանակման ուղիներ որոնելու գործին, ինչը կարող է կանխել ատելություն սերմանող ստահոդ լուրերի տարածումը: Չնայած դրան Հասանովը կրկնել է արդեն 20 տարի Ադրբեջանի ղեկավարության կողմից չարչրկված խոսքերն այն մասին, թե իբր «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ռազմական հարձակումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտ են հանդիսանում իսլամական աշխարհում տեւական խաղաղության, անվտանգության եւ կայուն զարգացման ապահովմանը»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը, ավելին, Հասանովը հայտարարել է, որ Արեւմուտքի' այդ թվում Հայաստանի իսլամատյաց շրջանակներն ու անդրազգային մամուլը մահմեդական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, գործընթացները ներկայացնում են «միակողմանի, ատելություն սերմանող կերպով», ինչը, նրա խոսքով, միջազգային հանրության շրջանում իսլամական կրոնի նկատմամբ ոչ օբյեկտիվ եւ սխալ տպավորություն է ստեղծում:

 

«Հայաստանը ոչ միայն անտեսում է միջազգային օրենքները, հեղինակավոր կազմակերպությունների որոշումները, նույնիսկ իր ոչ արդարացի դիրքորոշումը հիմնավորելու համար, կրոնական երանգ տալով իր զավթողական քաղաքականությանը, նսեմացնում է իսլամական արժեքները, աշխատում է օգտվել քրիստոենական համերաշխության գործոնից, Արեւմուտքի իսլամատյաց շրջանակներից, առաջատար մեդիա ռեսուրսների հնարավորություններից, եւ որոշ դեպքերում դա նրան հաջողվում է»:

 

Ալի Հասանովի հակահայկական ելույթը ոչ այլ ինչ է, եթե ոչ Թեհրանում անցկացվող միջոցառման բուն էությունն անտեսելու միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, էթնիկ զտումները, ե՛ւ ԼՂ-ում, ե՛ւ Նախիջեւանում ու Ադրբեջանի ամբոջ տարածքում հայկական քրիստոնեական արժեքները վերացնելու գործողությունները կոծկելու փորձ: