Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի գլխավորությամբ Դամասկոսի ազգային իշխանության պատվիրակությունը դեկտեմբերի 2-ին Լիբանանում այցելել է մարոնական եկեղեցու պատրիարք Ն. Ա. Կարդինալ Բշարա Ռայիին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի ս. Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Այցելության ընթացքում Սրբազան Հայրը պատրիարքին է հանձնել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնական հրավերը՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա 2015թ. ապրիլի 23-ին Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման շրջանակում: Բշարա ալ Ռայիին սիրով ընդունել է հրավերը՝ խոստանալով ներկա գտնվել սրբադասման արարողությանը: Տ. Արմաշ Սրբազանը նրան պատմել է նոյեմբերին Մայր աթոռ ս. Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովի մասին, ապա հակիրճ ներկայացրել է սիրիահայ գաղութի պատմականը: Այնուհետև խոսվել է Թեմի գործունեության և ապագա ծրագրերի մասին: Հանդիպման ավարտին Սրբազանը ստացել է պատրիարքի օրհնությունը:

 

Բացի այդ, Տ. Արմաշ. Սրբազանը և Դամասկոսի ազգային իշխանության պատվիրակությունը այցելել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Մերձավոր Արևելքի գլխավոր քարտուղար հայր Միշել Ջալախին և հանձնել Ամենայն հայոց կաթողիկոսի հարավերը: Նա նույնպես խոստացել է ներկա գտնվել արարողությանը: