Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը: Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին' միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության' ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար:

 

Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը: