Ֆրանսիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին «Իսլամական պետության» դեմ պայքարում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք կշարունակենք օգնել Իրաքին, որը դարձել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության զոհը»,- նշել է Օլանդը՝ ավելացնելով. «Մենք պատրաստ ենք ռազմական օգնություն տրամադրել արագ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար»:

 

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ֆրանսիական 9 օդանավերը մասնակցում են օդային հարվածներին: Բացի այդ, ևս 6 օդանավ Ֆրանսիան ուղարկել է Հորդանան' կրկին ԻՊ-ի դեմ պայքարին աջակցելու համար:

 

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարը սկսվել է օգոստոսի 8-ին: Ֆրանսիան ընդգրկվել է ԱՄՆ-ին աջակցող ռազմական դաշինքի մեջ և օդային հարվածներ է իրականացնում Իրաքում, միևնույն ժամանակ մերժում է հարձակում իրականացնել ահաբեկիչների դեմ Սիրիայում:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ անհրաժշետ է ընդլայնել ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակները՝ ավելի շատ օդային հարվածներ ուղղելով նրա դիրքերին: