ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում, բայց ձեռնարկվում են միջոցներ, որոնք աջակցում են նրան դաշինքի մեջ մտնելու ճանապարհին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա այդպես է մեկնաբանել Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլմար Բրոքի՝ դեկտեմբերի 4-ին տարածված հայտարարությունն այն մասին, որ հիմա ժամանակը չէ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հարցը:
Ապատուրայի խոսքով՝ Բրոքի հայտարարությունը մասնակիորեն կարելի է ճիշտ համարել, «քանի որ ներկայում խոսքը ՆԱՏՕ-ի մեջ մտնելու մասին չէ, խոսքն անդամակցության ճանապարհի մասին է»:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է: Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն ուժի մեջ է մնում որպես ՆԱՏՕ-ի քաղաքական որոշում: Միջոցառումների առկա փաթեթն իր կառուցվածքով և բովանդակությամբ նախատեսված է օգնել Վրաստանին դաշինքի մեջ մտնելու ճանապարհին»,-հայտարարել է Ապատուրայը մամուլի ասուլիսում, որը դեկտեմբերի 4-ին համատեղ անցկացվել է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացման հարցերով պետնախարար Դավիդ Բաքրաձեի հետ:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի է ունեցել Ուելսում, հաստատվել է միջոցառումների փաթեթ, որոնք աջակցում են դաշինքին Վրաստանի անդամակցելու ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսվում է վարժական կենտրոն բացել Վրաստանում, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի և ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: