Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ուելսում կայանալիք գագաթնաժողովում կհրապարակվեն որոշումներ, որոնց կհաջորդի ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ավելի ակտիվ համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Այս հայտարարությունն Ապատուրայն արել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:
«Ես ժամանել եմ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ, որպեսզի վրացական կողմի հետ միասին աշխատենք միջոցառումների նոր փաթեթի վրա: Այժմ մենք պետք է մանրամասները քննարկենք նախարարների հետ միասին: Ես վստահ եմ, որ դաշինքի գագաթնաժողովում մենք վկաները կդառնանք այնպիսի որոշումների, որոնց կհետևի ՆԱՏՕ-ի ավելի ակտիվ մասնակցությունը Վրաստանի կյանքին, ինչպես նաև վրացիների ակտիվ մասնակցությունը դաշինքի բանավեճերին ու ծրագրերին: Դրանով կշարունակվի Վրաստանի՝ դեպի դաշինք տանող ուղին»,- ասել է Ապատուրայը:
Իր հերթին Փանջիկիձեն նշել է, որ դաշինքի հետ մերձենալու նպատակով Վրաստանի համար մշակվող միջոցառումների փաթեթը թափանցիկ է ու բովանդակալից: «Իհարկե, որոշումներն առայժմ ընդունված չեն: Ապատուրայը մեր խոսակցության մասին կպատմի Բրյուսելում, այնուհետև այդ մասին կխոսի դաշինքի մասնակից 28 երկրների ներկայացուցիչների հետ, համապատասխանաբար, նրանք որոշում կընդունեն միջոցառումների այն փաթեթի վերաբերյալ, որը կհայտարարվի Ուելսի գագաթնաժողովում: Այդ փաթեթը, իրոք, թափանցիկ է և շատ տարրեր է պարունակում: Այդ փաթեթը համառոտ կարելի է նկարագրել այսպես. Վրաստանը զգալի չափով ներկայացված կլինի ՆԱՏՕ-ում, իսկ ՆԱՏՕ-ն՝ Վրաստանում»,- հայտարարել է Փանջիկիձեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ կունենա նաև հանրապետության նախագահի, վարչապետի, պաշտպանության նախարարի և ներքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարարի հետ:
Արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Ջեյմս Ապատուրայը, որը Վրաստան է ժամանել հուլիսի 9-ի առավոտյան, երկրից կմեկնի հուլիսի 10-ին, հաղորդել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: