Վրաստանում ավելի շատ ՆԱՏՕ կլինի, իսկ դաշինքում՝ ավելի շատ Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկա վար Մինդիա Ջանելիձեի հետ դեկտեմբերի 4-ին Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո:

 

Կողմերը քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իրագործման գործընթացը: Միջոցառումների փաթեթը, որոնք աջակցում են դաշինքին Վրաստանի անդամակցելու ձգտմանը, սեպտեմբերի 4-5-ին հաստատվել Էր ՆԱՏՕ-ի Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Փաթեթի շրջանակներում նախատեսվում Է վարժական կենտրոն բացել Վրաստանում, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները:

 

«Սա իմ երկրորդ հանդիպումն Էր նոր նախարարի հետ: Ուրախալի Է, որ պաշտպանության նախարարության քաղաքականությունը չի փոխվել: Մենք խոսեցինք ՆԱՏՕ-ի վարժական կենտրոնի շուրջ: Դուք ավելի շատ ՆԱՏՕ կտեսնեք Վրաստանում, իսկ ավելի շատ Վրաստան՝ ՆԱՏՕ-ում»,-հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել Է Ապատուրայը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: