Մինչև տարեվերջ Հայաստանում գնաճը 2014թ. պետական բյուջեով նախանշված սահմանից չի անցնի: Այս մասին ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հավաստիացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին:

 

«Ես Ձեզ վստահեցնում եմ, որ մինչև տարեվերջ, իսկ տարեվերջին մնացել է 27 օր, Հայաստանում գնաճը 2014թ. պետական բյուջեով նախանշված սահմանից չի անցնելու: Կառավարությունը մայիսին կներկայացնի հաշվետվությունը և դուք բոլորդ կհամոզվեք դրանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:

 

Միևնույն ժամանակ, Պավել Սաֆարյանը նշեց, որ քանակապես այսօր հնարավոր չէ գնահատել, թե հաջորդ տարի ինչպիսին կլինի գնաճի ազդեցությունը տնտեսության վրա: «Բայց մենք ունենք բավականին ռեզերվներ, ունենք օրենսդրական լուծումներ' այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Այդ մասին գրված է նաև պետական բյուջեի բացատրագրում, թե ինչ կլինի, եթե լինեն շեղումներ' թե տնտեսական, թե գնաճի առումով»,- ընդգծեց Սաֆարյանը:

 

Ազգային ժողովը վերսկսել է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: