ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնաճ: Արդեն առաջիկայում, ինչպես նշված է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստի մի քանի գործոն: Ըստ ԿԲ-ի՝ հասարակության մոտ նկատվում է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ինչին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը և հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերում է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:
Ի տարբերություն ԿԲ կանխատեսման, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հավաստիացնում է, որ 2018-ի հունվարից հետո Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել: Ստացվում է գերատեսչությունները մեկը մյուսին կտրուկ հակասող կանխատեսումներ են անում: Եթե փորձենք հասկանալ, թե ով է աղավաղում իրականությունը, ապա ակնհայտ է, որ ԿԲ-ի ներկայացրած կանխատեսումն ավելի իրատեսական է թվում, հաշվի առնելով այն օբյեկտիվ իրականությունը, որին այսօր բախվել է Հայաստանի տնտեսությունը: Մի շարք գործոններ խոսում են ԿԲ-ի կանխատեսման օգտին: Գլխավոր գործոնը, որը կարող է նպաստել գնաճին, պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ և հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵԱՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Մյուս գործոնը հարկային նոր օրենսգիրքն է, որի ուժի մեջ մտնելու հետևանքով մի քանի ապրանքատեսակ կթանկանա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետևանքով:
Ամենայն հավանականությամբ, ՊԵԿ-ն իր պատասխան հայտարարությամբ պարզապես փորձում է մեղմել լարվածությունը, որն ի հայտ է եկել հանրության և տնտեսվարողների շրջանում՝ մեղմ ասած՝ հոռետեսական կանխատեսման արդյունքում: ՊԵԿ-ի առջև խնդիր է դրված արդարացնել կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունավետությունը և ՊԵԿ գնահատականն ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ միջգերատեսչական պայքարը մեր երկրում ոչնչով չի զիջում քաղաքական դաշտում ծավալվող պայքարին, պարզապես այն ավելի լատենտ է և հաճախ վրիպում է ուշադրությունից: Այս տեսանկյունից՝ այսօր մենք ականատես ենք լինում դասական միջգերատեսչական փոխհրաձգության: Միայն թե՝ դրա արդյունքում ավանդաբար տուժելու են հանրությունը և տնտեսվարողները…
Ստելլա Խաչատրյան