Թուրքահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Նիշանյանը կարող է բանտում մնալ 11 տարի և 8 ամիս:
Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն նշել է, որ եթե իրենց դիմումը Սահմանադրական դատարան համապատասխան արդյունք չտա, իր պաշտպանյալը կարող է երկար տարիներ մնալ բանտում:
Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց:
Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Նա դեռ բանտում է: Վերջերս սկսվել է ստորագրահավաք' Նիշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա դեմ տեղի ունեցող ճնշումները դադարեցնելու նպատակով: Ստեղծվել է imza.la կայքը, որտեղ ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին և փորձել օգնել լեզվաբանին: Հիմնվել է նաև Սևան Նիշանյանին աջակցող կո միտե: