Թուրքիայի հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը, ում թուրքական արդարադատությունն ազատազրկել է երկու տարով, բանտում ենթարկվում է խտրական վերաբերմունքի: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին լեզվաբանը հայտնել է թուրք լրագրող Հասան Ջեմալին ուղղած նամակում:
Հունվարի 2-ից Թորբալըի բաց բանտում գտնվող գտնվող Նիշանյանը հայտնել է, որ իրեն չեն վերաբերվում այնպես, ինչպե մյուս ազատազրկվածներին: Նրա խոսքով, «վերևից եկած կարգադրությամբ» ինքը ենթարկվում է խտրական վերաբերմունքի: Նամակում լեզվաբանը պատմել է, որ բանտ գալու առաջին օրերին իրեն շատ լավ են վերաբերվել, հարգել են նրա գրող լինելու հանգամանքը: Անգամ բանտապետը 2-3 անգամ հրավիրել է իր մոտ և զրուցել են, ինչից հետո իր իսկ ցանկությամբ նշանակել են բանտի գրադարանավարի պաշտոնում: Անգամ խոստացել են համակարգիչ և համացանց տրամադրել, ինչի շնորհիվ Նիշանյանը կկարողանար աշխատել իր գրքի վրա:
«Երեք օր անց վերևներից զանգահարեցին, և տրամադրվածությունը փոխվեց: Դեմքերը խոժոռվեցին: Սկսեցին հայացքները փախցնել ինձնից, վատ խոսքեր ասել: Փոփոխությունները դեռ չվերջացած' գրադարանը փակվեց, աշխատանքիս վերջ տրվեց: Համակարգիչ ստանալու պահանջս մերժվեց: Սկսեցին ինձ վախեցնել»,- պատմել է Նիշանյանը' ասելով, որ իրեն սկսել են նախազգուշացնել' ասելով, որ առաջին իսկ սխալի դեպքում կտեղափոխեն փակ բանտ: Եթե բաց բանտում գտնվող մյուս մարդկանց իրավունք է տրվում աշխատել դրսի հասարակական կազմակերպություններում, ապա Նիշանյանին ասել են. «Եթե կցանկ անաս բանվոր լինել, քեզ կուղարկենք քաղաքային գերեզմանատուն», այլ աշխատանք նրա համար չկա:
Հաշվի առնելով սկզբնական օրերի լավ, իսկ հետո նման սառը և կոպիտ վերաբերմունքը իր նկատմամբ' Նիշանյանը ենթադրում է, որ վերևից եկած կարգադրությամբ հրամայվել է. «Այս մարդու քիթը պետք է տրորվի»:
Թուրքիայի արդարադատությունը մեղավոր էր ճանաչել հայազգի լեզվաբանին «սեփական հողակտորի վրա ապօրինի շինարարություն կատարելու» համար: Նիշանյանը, ով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Դատարանի թույլտվությամբ նա կարողացել էր մոտ մեկ շաբաթով դուրս գալ բանտից: Նրա որդին' Արսեն Նիշանյանը, հայտնել էր, որ հայրը երեք ամիսը մեկ հնարավորություն կունենա 3-4 օրով գտնվել ազատության մեջ:
Թուրքիայում հայ լեզվաբանի դեմ հարուցվել են դատական մի քանի գործեր: Ավելի վաղ Նիշանյանը մեղադրվել է իր ինտերնետային կայքում տեղ գտած հոդվածներից մեկում Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ: Դատական գործը հարուցվել է 15 անձանց բողոքի հիման վրա: Դատախազության ներկայացրած մեղադրականում Նիշանյանը մեղադրվում էր «կրոնական արժեքները հրապարակայնորեն նվաստացնելու» մեջ: Նրա համար պահանջվում էր 9 ամսից մինչև 1.5 տարի ազատազրկում: Հետագայում, սակայն, Նիշանյանի դեմ հարուցված գործը փակվել էր: