Թուրքիայում բանտարկված պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանն անգամ ազատազրկման պայմաններում չի դադարում իր գիտական գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Նիշանյանն Ալիաղայի բանտում օսմաներենի բառարան է պատրաստում: «Օրական 6-7 ժամ աշխատում եմ բառարանիս վրա: Ցանկացած բառի' թուրքական տեքստերում գտած ամենահին օրինակը ներառում եմ բառարանիս մեջ»,- նշել է պոլսահայ մտավորականը:
Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց:
Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Նա դեռ բանտում է: Տարբեր մտավորականների մասնակցությամբ հիմնվել է Սևան Նիշանյանին աջակցող կոմիտե: