Գրողների միջազգային PEN- ակումբը հարցազրույց է արել պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի հետ, ով այս օրերին գտնվում է ազատազրկման մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության կայքում հրապարակված հարցազրույցի նախաբանում նշվում է, որ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նիշանյանը նշանավոր լեզվաբան է, գրող, մտավորական, նաև' հյուրանոցի սեփականատեր: Նրա ստուգաբանական բառարանները, ճամփորդական գրքերը, թուրքական, իսլամական և անատոլիական մշակույթի վերաբերյալ տրակտատները մեծ գովասանքի են արժանացել ժամանակակից Թուրքիայում մշակութային դիսկուրսի ապահովման առումով:

 

Կազմակերպությունը նշում է, որ Նիշանյանը Թուրքիայում ընկալվում է որպես հակասական կերպար քեմալիզիմի և իսլամի վերաբերյալ իր խիստ քննադատությունների, ինչպես նաև թուրքական իշխանությունների նկատմամբ իր անկեղծ քննադատության համար այն պատճառով, որ վերջիններս հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը:

 

Հայտնի թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուի աջակցությամբ վարած հարցազրույցի ժամանակ Նիշանյանը ներկայացրել է բանտում հայտվելու նախապատմությունը: Նա խոսել է այն մասին, թե ինչպես Մուհամեդ մարգարեի մասին իր անձնական բլոգում կատարած գրառումը դարձավ հալածանքների պատճառը: «Բլոգի այն հատվածը, որի համար ես մեղադրվեցի ու դատապարտվեցի, պնդում էր, որ հին արաբ առաջնորդի' իսլամի մարգարեի մասին անարգալից խոսքը խոսքի ազատության հարց է և պետք է լինի օրենքի պաշտպանության տակ: Ես կիրառել էի թեթևակի անարգալից խոսք մարգարեի հասցեին' խնդիրն առավել նկարագրական դարձնելու համար:

 

Որպես արդյունք ես սկսեցի ենթարկվել հալածանքների նախարարների, երկրի կրոնական թիվ մեկ դեմքի, լրատվամիջոցների կողմից: Հարյուրավոր սպառնալիքներ էի ստանում: Իմ դեմ դատական գործ հարուցվեց երկրի շուրջ տասը դատարանում, և ես դատապարտվեցի 15 ու կես ամսվա ազատազրկման աստվածանարգության համար»,- պատմել է Նիշանյանը' նշելով, որ դատապարտվել է քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով, որը պատիժ է սահմանում անաստվածության համար, եթե այն «սպառնում է հասարակական կարգին»:

 

Նիշանյանը փաստել է, որ հասարակության քննադատների նկատմամբ նմանօրինակ ճնշումները կարող են հանգեցնել նրանց խոսքի աստիճանական լռեցմանը: Անդրադառնալով բանտում անցկացրած ամիսների ազդեցությանն իր ստողծագործությունների վրա' լեզվաբանն ասել է. «Ես արդեն մեկ տարի բանտում եմ: Դա բնականաբար կարող է թուլացնող նշանակություն ունենալ ցանկացածի աշխատանքի վրա: Ես այս ժամանակն օգտագործում եմ' կենտրոնանալու իմ ակադեմիական հետազոտության վրա, որը վերաբերում է պատմական լեզվաբանությանը»: