Պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2015 թվականի սեպտեմբերից ազատազրկումը կրում է Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտում, կրկին տեղափոխվել է նույն բանտի փակ ռեժիմի հատված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:

 

Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն պարբերականին հայտնել է, որ իրենք տեղյակ չեն, թե որն է լեզվաբանին փակ ռեժիմի բանտ տեղափոխելու պատճառը: «Ճիշտ է, որ Սևան Նիշանյանը տեղափոխվել է փակ ռեժիմի բանտ, սակայն ոչ ոք չգիտի, թե որն է նման որոշման պատճառը: Կիրակի նրան այցելելու ժամանակ կփորձեմ իմանալ: Նոր կառուցված կալանավայրերից որոշներն ունեն և՛ փակ, և՛ բաց ռեժիմով հատվածներ: Նիշանյանն այս պահին փակ ռեժիմով հատվածում է»,- ասել է Մուրաթ Աքչըն:

 

2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունն իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:

 

Նիշանյանը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին տեղափոխվել էր Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկյալիների համար համեմատաբար ավելի մեղմ են: