Պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նիշանյանին ազատազրկման օրվանից 6 ամսվա ընթացքում արդեն 4-րդ բանտն են տեղափոխել: Վերջին անգամ Ալիաղա Շաքրանի փակ ռեժիմով բանտթից նրան տեղափոխել են մեկ այլ փակ ռեժիմով կալանավայր' Այդըն Ենիփազար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը:

 

Սեւան Նիշանյանը ազատազրկվել է 2014 թվականի հունվարի 2-ին եւ տեղափոխվել Թորբալը բաց կալանավայր: Թուրքական դատարանը նրան մեղավոր է ճանաչել Իզմիրի Շիրինջե գյուղում սեփական հողատարածքի 40 քառ.մ տարածքի վրա «ապօրինի» կառուցապատում կատարելու համար:

 

Նիշանյանն ինքը եւ թուրք առաջադեմ մտավորականությունը գտնում են, որ Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի վարչակազմը պոլսահայ մտավորականի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում եւ նրան լռեցնելու ու ճնշելու տարբեր պատրվակներ ստեղծում: Նիշանյանին թուրքական վարչակարգը հալածանքների է ենթարկում Թուրքիայի հանցավոր անցյալը եւ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու համար:

 

Սեւան Նիշանյանի հրապարակած վերջին' «Սխալ քաղաքականություն» աշխատության մեջ ներկայացվում է Թուրքիայի Հանրապետությունն իր բոլոր արատավոր կողմերով' սկսած 1923 թվականից մինչեւ մեր օրերը:

 

Թուրքական իշխանությունների հրահանգով Նիշանյանի համար բանտում նույնիսկ տարրական պայմաններ չեն ապահովում: Կալանավայրերից մեկում' Բուջայում, նրան անգամ մահճակալ չէին հատկացրել եւ արգելել էին օգտվել բաղնիքից:

 

«Ազատություն Սեւան Նիշանյանին» միջազգային հանձնաժողովի անդամ Սաիդ Չեթինօղլուն կայքին հայտնել է, որ Նիշանյանի դեմ կառավարության գործադրած ճնշումն ու սահմանափակումները պետք է վերացվեն: Նա նշել է, որ, Նիշանյանին շինծու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտելով, թուրքական իշխանությունները նպատակ ունեն նրան անազատության մեջ պահել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի 2015 թ-ին: