Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը շուրջ մեկ շաբաթ ազատության մեջ մնալուց հետո կրկին վերադարձել է բանտ: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Թուրքիայի արդարադատությունը մեղավոր էր ճանաչել հայազգի լեզվաբանին սեփական հողակտորի վրա «ապօրինի շինարարություն կատարելու» համար: Նիշանյանը, ով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Դատարանի թույլտվությամբ նա կարողացել էր մոտ մեկ շաբաթով դուրս գալ բանտից: Նրա որդին' Արսեն Նիշանյանը, հայտնել էր, որ հայրը երեք ամիսը մեկ հնարավորություն կունենա 3-4 օրով գտնվել ազատության մեջ:

 

Թուրքիայում հայ լեզվաբանի դեմ հարուցվել են դատական մի քանի գործ: Ավելի վաղ Նիշանյանը մեղադրվում էր իր ինտերնետային կայքում տեղ գտած հոդվածներից մեկում Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ: Դատական գործը հարուցվել է 15 անձանց բողոքի հիման վրա: Դատախազության ներկայացրած մեղադրականում Նիշանյանը մեղադրվում էր «կրոնական արժեքները հրապարակայնորեն նվաստացնելու» մեջ: Նրա համար պահանջվում էր 9 ամսից մինչև 1.5 տարի ազատազրկում: Հետագայում, սակայն, Նիշանյանի դեմ հարուցված գործը փակվել էր: