Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում գտնվում է բանտում, Թուրքիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու է առաջադրվել նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս»-ին հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Թարըք Բեյհանը:
Սևան Նիշանյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է սեպտեմբերի 17-ին: Կուսակցության ցուցակում նա զբաղեցնում է առաջին տեղը:
Բեյհանը Նիշանյանի թեկնածության առաջադրումը պայմանավորել է այն բանով, որ մարդու իրավունքների եւ ազատությունների հարցում նա Թուրքիայում աչքի է ընկել իր անվախ կեցվածքով:
«Ներկայում նրա բանտում գտնվելու պատճառը բխում է արտահայտվելու ազատության ոտնահարումից: Թուրքիայում ամենամեծ խնդիրներից մեկը արտահայտվելու ազատությունն է: Լիբերալիզմի կարեւոր չափանջշներից մեկն էլ արտահայտվելու ազատությունն ու հանդուրժողականությունն է: Նիշանյանն ունի այդ երկու որակներն էլ: Այդ պատճառով մենք նրան եւ’ մեզ, եւ’ Թուրքիայի համար խիստ կարեւոր անձ ենք համարում: Բացի այդ, Սևան Նիշանյանը կարճ ժամանակում ավելի շատ գործ է կատարել թուրքերենի զարգացման համար, քան Թուրքիայի թուրքաց լեզվի ընկերությունը 100 տարվա ընթացքում», -ասել է Բեյհանը:
Սևան Նիշանյանը Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:
2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:
Ըստ թուրքական DemokratHaber կայքի' Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը' հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:
Ավելի քան մեկ տարի բանտում գտնվող Նիշանյանը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին տեղափոխվելու է Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկյալիների համար համեմատաբար ավելի մեղմ են: