Հայազգի գրող, Թուրքիայի առաջատար լեզվաբան Սևան Նշանյանը ազատազրկվել է Թուրքիայում՝ այդ երկրի վերաքննիչ դատարանի կողմից հավանության արժանացրած դատավճռով, որն ընդունվել է՝ Իզմիրի Շիրինչե քաղաքում անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքներով: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»:

 

«Հուրիեթ» պարբերականի համաձայն, դատախազությունը ավելի վաղ որոշում էր կայացրել, որ Թուրքիայում հրապարակվող հայալեզու «Ակոս» և ազատական «Թարաֆ» պարբերականների սյունակագիր Նշանյանը կարող է ազատության մեջ մնալ մինչև այս տարվա հունվարի 2-ը:

 

Նշանյանը, ըստ պարբերականի, Շիրինչե քաղաքում տուն է կառուցել՝ չնայած դատարանի կարգադրության, որի համաձայն ինքը չպետք է մուտք գործեր այս տարած, որը «բնական համալիր» է համարվում:

 

Սևան Նշանյանի ազատազրկման կապակցությամբ ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմենիան Ուիքլի» պարբերականի փոխխմբագիր Նանոր Բարսումյան իր «Ինչպե՞ս լռեցնել հայ ազատախոհին Թուրքիայում» խորագրով հոդվածում նշել է, որ նույնիսկ կանգնած բանտի դարպասների մոտ՝ Նշանյանը եղել է «անհնազանդ, վիճահարույց և հույսով լի»:

 

«Ցավոք՝ Թուրքան կառավարում են մարդիկ, ովքեր չունեն հորիզոններ, տեսլական կամ մարդկային որակներ, այն կառավարվում է գաճաճների կողմից», - «Արմենիան Ուիքլի»-ի փոխանցմամբ՝ ասել է Նշանյանը՝ բանտի դարպասների մոտ հավաքված լրագրողներին: - «Դա ցավ է այս երկրի համար: Դուք, մենք բոլորս ավելի լավին եք արժանի: Հուսով ենք՝ կգա այն օրը, երբ տեսլական ունեցող մարդիկ, մարդիկ, ովքեր ունակ են տարբերել լավը վատից, նույնպես կկարողանան մասնակցել կառավարմանը»:

 

«Ինչ վերաբերվում է Շիրինչիում հյուրանոցների վերածված իր տներին, Նշանյանը 2011 թվականին նվիրաբերել է դրանք «Նեսին հիմնադրամ»-ին, որը կրթական հնարավորություններ է տրամադրում ֆինանսական միջոցներ չունեցող ընտանիքների երեխաներին», - գրում է Նանո Բարսումյանը՝ հավելելով, որ չնայած իր դեմ հարուցված դատական բազմաթիվ գործերի՝ Նշանյանը կարողացել է հրապարակել Թուրքիայի հին և նոր տեղանունների շուրջ հետազոտությունը, ինչպես նաև Թուրքիայում փոքր հյուրանոցների մասին «բեսթսելեր» դարձած իր գիրքը:

 

Հեղինակը հիշեցնում է, որ ընդամենը մոտ մեկ տարի առաջ Յեյլի և Կոլումբիայի համալսարանների շրջանավարտ Նշանյանը Ստամբուլի դատարանի կողմից ավելի քան մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել՝ «բնակչության որոշ մասի կրոնական արժեքներին վիրավորանք հասցնելու համար» այն բանից հետո, երբ բլոգերից մեկում հրապարակել էր իր արձագանքը Թուրքիայում «ատելության հանցագործությունների մասին» առաջադրված օրինագծի վերաբերյալ, որը ներկայացվել էր՝ ի պատասխան «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի, որտեղ նվաստացնող եղանակով էր պատկերված մարգարե Մուհամմեդը:

 

Նշանյանը «Պետք է պայքարել ատելություն սերմանող խոսքի դեմ» անվանումը կրող բլոգում հրապարակել էր հետևյալ նախադասությունները.

 

«Ատելություն սերմանող խոսք չէ արաբական այն առաջնորդին ծաղրելը, որը մի քանի դար առաջ հայտարարել էր ալլահի հետ կապ ստեղծելու մասին՝ փոխարենը քաղելով քաղաքական, ֆինանսական և սեռական բնույթի օգուտ: Դա խոսքի ազատության առկայության գրեթե մանկապարտեզի մակարդակի փորձարկում է»:

 

Ստամբուլի դատարանի կողմից դատավճիռը ներկայացնելուց մի քանի օր անց «Ինչպե՞ս լռեցնել հայ ազատախոհին Թուրքիայում» խորագրով հոդվածի հեղինակն այդ մասին հարց էր հղել Նիշանյանին: Նա արձագանքել էր՝ ասելով.

 

«Չեմ կարծում, որ Թուրքիայում որևէ մեկը երբևէ հետաքննության էր ենթարկվել հայերի, հրեաների, քրդերի, աթեիստների, միասեռականների կամ ազատականների սպանությունների, նրանց վնասվածքներ հասցնելու և սպանդի ենթարկելու համար: Մյուս կողմից՝ անցյալում հազարավոր մարդկանց նկատմամբ հետաքննություն էր հարուցվել և հազարավոր մարդիկ դատապարտվել են «թուրքականությունը վիրավորելու համար»՝ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով: Այժմ, ըստ երևույթի» «իսլամը վիրավորելը» փոխարինում է այդ հոդվածը՝ որպես այլախոհների դեմն առնելու ավերիչ ուժ», - շեշտել է Նշանյանը:

 

«Վերջ ի վերջո, երբ Նշանյանի նման անդադար ազատախոհն ազատազրկվում է, տուժում է ամբողջ հասարակությունը: Այն թողնում է Թուրքիան առանց այլախոհ ևս մեկ ձայնի, առանց ժողովրդավարական Թուրքիայի մասին հույսեր փայփայող ևս մեկ երազողի և ավելացնում է ևս մեկ մեխ, որը կապում է ժամանակակից Թուրքիան իր այլատյացությամբ լի անցյալի հետ», - եզրափակում է «Արմենիան Ուիքլի» պարբերականի փոխխմբագիր Նանոր Բարսումյանն՝ իր «Ինչպե՞ս լռեցնել հայ ազատախոհին Թուրքիայում» խորագրով հոդվածը: