«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանն Հայարփի Սարգսյանն ահազանգում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ վատ վերաբերմունքը դեռևս շարունակվում է: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակի հետ զրույցում վերջնս տեղեկացրեց, որ ինքը դեկտեմբերի 25-ին այցելել է Հովհաննես Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և անձամբ տեսել, թե ինչ պայմաններում է նա պահվում:

Նրա խոսքով՝ Հովհաննես Հարությունյանն արդեն սթափ վիճակում է գտնվում, բայց ամեն ինչ արվում է, որպեսզի նա չապաքինվի. «Հիվանդասենյակը, որում նա գտնվում է, շատ ցուրտ է, այնքան, որ ձեռքերս ձեռնոցների մեջ սառել էին, պատուհանի վարագույրը պոկված է, անհետացել են նրա անձնական իրերի մեծ մասը, սենյակը չի մաքրվում, նրա սպասքը չեն լվանում…Երևի մոռացել են, որ մարդիկ հիվանդանոցներում բուժվում են, ոչ թե հիվանդանում»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իր պաշտպանյալն այսօր էլ ունի առողջական խնդիրներ և հոգատարության ու խնամքի կարիք.

«Գիշերները ոտքի ցավից չի քնում, սիրտն է ցավում, հիմա էլ մրսածություն ունի: Իսկ պայմանները, որում նա ապրում է, շատ վատն են: Նրան թույլ չեն տալիս հեռուստացույց դիտել, արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը միտումնավոր է արվում, որպեսզի նրա կյանքին ու առողջությանը վնաս հասցվի:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից, սակայն, մեզ հետ զրույցում վստահեցրին, թե Հովհաննես Հակոբյանը չունի ոչ առողջական, ոչ էլ որևէ այլ խնդիր: Մեր դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է փաստաբանն ահազանգել նրա իրավունքների ոտնահարման մասին, մեր զրուցակիցն արձագանքեց, թե փաստաբանի ասածները չեն մեկնաբանում: Մենք հետաքրքրվեցինք, թե Հովհաննես Հակոբյանն ինչ պայմաններում է պահվում, մեր զրուցակիցը վստահեցրեց, թե նորմալ պայմաններում, ինչպես մյուս դատապարտյալները: 

Մենք զանգահարեցինք նաև ՄԻՊ գրասենյակ, պարզելու համար, թե ՄԻՊ աշխատակիցներն այցելե՞լ են Հովհաննես Հակոբյանին, բայց, ցավոք, չկարողացանք կապ հաստատել: 

 

Արմինե Եփրեմյան