Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության կազմած «Ազատությունը համացանցում» ինդեքսի համաձայն Հայաստանը ճանաչվել է որպես ազատ երկիր' ստանալով 29 միավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության ինդեքսում պետություններին տրվել են 0-100 միավորներ, ընդ որում 0-30 միավոր ստացածները համարվել են ազատ, 31-60 միավորովները' մասնակի ազատ, իսկ 61-100 ստացածները'անազատ համացանց ունեցող երկրներ:

 

Զեկույցում նշվում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է համացանցային հասանելիությունը' դրա գնի նվազման, ինչպես նաև ցանցային ավելի լայն ծածկույթի շնորհիվ: Եթե 2007 թվականին համացանցային ծածկույթը կազմում էր 6 տոկոս, ապա արդեն 2011 թ. այն 32 տոկոս էր, իսկ 2012 թ.' 39.2 տոկոս: Միաժամանակ դրական է գնահատվել այն, որ կառավարությունը հետևողականորեն չի արգելափակել համացանցն օգտատերերի համար:

 

Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը համացանցային ազատությամբ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը' զիջելով միայն Վրաստանին և Ուկրաինային, սակայն առաջ է անցել Ռուսաստանից (54), հարևան Թուրքիայից (49) և Ադրբեջանից (52):

 

Ամենաազատ երկրներն են համարվել Իսլանդիան (6), Էստոնիան (9), Գերմանիան (17), ԱՄՆ-ն (17) և Ավստրալիան (18): Համացանցի առումով ամենաանազատներն են ճանաչվել'Իրանը (91), Կուբան (86), Չինաստանը (86), Սիրիան (85) և Եթովպիան (79):