Ադրբեջանը հրաժարվում է մարդասիրական բոլոր առաջարկներից, այդ թվում' Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տվյալներ փոխանակելու Ֆրանսիայի նախագահի առաջարկությունից: Այս մասին Բազելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը' անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների' Բազելի պատվիրակությունների հայտարարությանը:

 

Այս տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի լուրջ սրմանը։ «Այդ մասին են խոսում եռանախագահները՝ հիշատակելով հատկապես հուլիս-օգօստոս ամիսների գործողությունները, որոնք ծավալվել էին ադրբեջանցիների կողմից։

 

Նրանք հղում են կատարում Աստրախանում ձեռքբերված պայմանավորվածություններին և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ ամրագրված է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար անհապաղ փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել մահացած անձանց դիակները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այս հարցի շուրջ հրաժարվեց համագործակցել թե համանախագահների, թե Կարմիր խաչի հետ՝ առաջ քաշելով ինչ-ինչ նախապայմաններ։ «Ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել, երբ Ադրբեջանը, ուղղաթիռի խոցումից հետո, որը եռանախագահները ողբերգական են անվանում, տասն օրվա ընթացքում ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ փրկարար խմբերը, ԵԱՀԿ, Կարմիր խաչի ներկայացուցիչները, մոտենան և տարհանեն զոհված երեք երիտասարդների դիակները: Պարզ է, որ մարդասիրության որևէ նշույլ այստեղ չկա:
Ե ռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում. ասում են, որ կարելի էր խուսափել այդ ողբերգությունից, այսինքն իրենք ուզում են ասել, որ պետք չէր դա անել, որ դա սխալ էր»,- ասել է Նալբանդյանը:

 

Նախարարը հիշեցրել է, որ նախորդ հայտարարությունից հետո Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց եռանախագահների դեմ՝ չնայած նրանց կողմից նորից բավականին դիվանագիտական լեզվով էր ասվում, գնահատականն էր տրվում ուղղաթիռի խոցմանը:

 

«Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լ եզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է, նաև, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը' ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա»,- ընդգծել է Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդի վերջին տարածաշրջանային այցելության ժամանակ, երբ առաջարկվեց Փարիզում գագաթաժողով կազմակերպել, վստահության ամրապնդման միջոցներÕ « վերաբերյալ փաթեթ ներկայացվեց:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանը միանգամայն կողմ է այդ առաջարկություններին, սակայն Ադրբեջանը մերժել է բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին Ֆրանսիայի կողմից՝ վստահաբար՝ խորհրդակցաբար այլ եռանախագահող երկրների հետ։ «Վեց-յոթ առաջարկից մի ինչ-որ բանի վրա կանգնեցին՝ Կարմիր խաչի միջոցով տեղեկությունների փոխանակման մասին։ Դա, իհարկե, Ֆրանսիայի կողմից և, ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում վստահության ամրապնդման առաջարկներից ամենակարևորը չէ: Այդ առաջարկները ևս մեկ անգամ վերահաստատվեցին Փարիզի հանդիպումից առաջ։ Փարիզում Ադրբեջանը չցանկացավ անգամ քննարկել վերոհիշյալ վստահության ամրապնդման այդ միջոցները»,- ասել է նախարարը:

 

Նալբանդյանի գնահատմամբ՝ ադրեջանական կողմի պատճառաբանությունն այն է, թե' վստահության ամրապնդման միջոցների մասին կարող ենք խոսել, երբ լինի առաջընթաց: Նախարարն այդ մոտեցումն անտրամաբանական է համարում, քանզի եթե հիմնախնդիրը կարգավորվի, ապա վստահության միջոցների այս աստիճանի անհրաժեշտություն չի լինի։ Հենց դրա մասին են եռանախագահները խոսում իրենց վերջին հայտարարության մեջ՝ հետագա միջադեպերից խուսափելու և բանակցությունները առաջ մղելու նպատակով առավել նպաստավոր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու մասին։ Դա նաև թույլ չէր տա իրավիճակի վատթարացումը, սրումը, որը տեղի ունեցավ հատկապես վերջին շրջանում:

 

«Պայմանավորվում են ինչ-որ մի բանի շուրջ, հաջորդ օրը, կամ ամենաշատը մի քանի օր անց, ադրբեջանցիները հետքայլ են անում: Դա է այն գլխավոր պատճառներից մեկը, որը, փաստորեն, որևէ վստահության նշույլ չի թողնում այս բանակցությունների ժամանակ։ Եթե կողմերը ինչ-որ պայմանավորվածության են գալիս, և նրանցից մեկը ամեն անգամ հետքայլ է անում, ինչպե՞ս կարելի է վստահել, հավատալ, որ բանակցում ես լուրջ մարդկանց հետ, որ հաջորդ անգամ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո դրանք հարգվելու են».- ընդգծել է նախարարը: