Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ստատուս քվոյի պահպանման առաջին պատասխանատուն հենց Ադրբեջանն է, որը սրում է իրավիճակը և չի արձագանքում Մինսկի խմբի եռանախագահների կոչերին: Այս մասին այսօր լրագրողների հետ զորւցում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը' պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի արտգործնախարարը իր վերջին մեկնաբանություններում ծաղրում է Մինսկի խմբի համանախագահներին, ասում է՝ նրանց հետ չի հանդիպի, քանի որ դրա իմաստն արդեն չկա, իսկ Հայաստանին մեղադրում է ստատուս քվոն համառորեն պահելու մեջ»:

 

Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ու Մինսկի խումբը շահագրգիռ են ստատուս քվոյի փոփոխությանը, իսկ Ադրբեջանը, բանակցային ճանապարհով հարցի կարգավորման հանձնառությունը չստանձնելու միջոցով, նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը:

 

«Առաջին պատասխանատուն Ադրբեջանն է, որ ստատուս քվոն պահպանվում է, քանի որ ստատուս քվոն կարելի է փոխել բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով: Ով է դեմ հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, Ադրբեջանը: Նրանք հնարել են, որ եթե մեխանիզմը ստեղծվի, դա կնպաստի ստատուս քվոյի պահպանությանը: Ճիշտ հակառակը, եթե մեխանիզմը հաստատվի, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների շարունակության համար' ուղղված խնդրի կարգավորմանը»,- նշեց արտգործնախարարը' հույս հայտնելով, որ Ադրբեջանը հետ կկանգնի իր որդեգրած ապակառուցողական ուղուց, իսկ Հայաստանը կշարունակի ջանքերը բացառապես հիմանխնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

 

Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ՝ ուղղված եռանախագահներին ու բոլոր նրանց, ովքեր հանդգնում են հայտնել կարծիք, որը չի համընկնում նրանց պաշտոնական կարծիքին»,- ասաց նախարարը:

 

Ըստ նախարարի' դրանով Ադրբեջանը շանտաժի է ենթարկում նրանց ու փորձում ինչ-որ օգուտներ կորզել, որը, սակայն, ուղղվում է իրենց դեմ: «Զարմանալի է, որ դասեր չեն քաղում, քանի որ հակառակ էֆեկտն է տալիս նրանց այս քայլը: Միջագզային հանարության կարծիքն ու դիրքորոշումը այս կեցվածքի վերաբերյալ տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»,- շեշտեց Էդվարդ Նալբանդյանը: