«Ռուսաստանի հայերը թո′ղ պատրաստվեն սումգայիթների, կամ թո′ղ հետ գան»,- այս կարծիքին է քաղաքագետ Արա Պապյանը, ով ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ հայերի նկատմամբ լայնածավալ գործողություններ հնարավոր է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև տեղի բնակչության՝ ռուսների կողմից․ «Ադրբեջանցիների հրահրումները կարող են առիթ հանդիսանալ, որ տեղի բնակչությունը սկսի գործողություններ, որը պայմանավորված է Ռուսաստանում օրեցօր վատացող տնտեսական վիճակով, ինչն էլ հանգեցնում է բնակչության դժգոհությունների։ Փորձը ցույց է տալիս, որ նման դժգոհությունների պարագայում իշխանությունները այդ դժգոհությունները ուղղորդում են կա՛մ արտաքին թշնամիների վրա, կա՛մ ներքին թշնամի են գտնում, որի վրա էլ բարդում են հիմնական մեղավորությունը»,- պարզաբանեց քաղաքագետը։
Ըստ Պապյանի՝ ներկա պահին հայերն ամենահարմար թեկնածուներն են «քավության նոխազ» դառնալու, շատ հավանական է, որ հնարավոր քաոսը, որը առաջիկայում կսկսվի Ռուսաստանում, կուղղորդվի հայերի դեմ։
Արա Պապյանն այն կարծիքին է, որ ադրբեջանցիների գործողությունները, այնուամենայնիվ, ամենաթողության չեն հասնի․ «Ադրբեջանցիների գործողությունները չեն լինի անվերահսկելի, պարզապես, իրենք, եթե հավաքեն որոշակի ծավալ, որը հնարավոր չի լինի վերահսկել, դրանք կուղղորդվեն։ Կա մի սկզբունք, որը գործում է ցանկացած պետական ազգային անվտանգության մարմիններում. այն երևույթը, ինչը չես կարող կանխել, առաջնորդի′ր և ուղղորդի′ր։ Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները փորձ կանեն ինչ-որ բաներ կանխելու, որովհետև մեծածավալ բախումներն իրենց ձեռք չի տալիս, ինչը չի կարելի ասել փոքրածավալի վերաբերյալ, քանի որ փոքրածավալի դեպքում կկարողանան Հայաստանում դժգոհություններ գեներացնել՝ ընդդեմ ներկա իշխանությունների, իսկ եթե ստացվի այնպես, որ բանը հասնի մեծածավալ բախումների, իշխանությունները կուղղորդեն՝ տպավորություն ստեղծելով, թե դա ինքնաբուխ է եղել և որևէ մեկի կողմից չի առաջնորդվել»,- ասաց նա։
Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանցիների նման վարքագիծը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերի նկատմամբ՝ աշխարհին ինչ-որ բան ապացուցելը կամ ցուցադրելը չէ, այլ Ռուսաստանին․ «Երբ որ ուշադիր լսում ենք ադրբեջանցի պաշտոնյաների, հասարակական գործիչների հայտարարությունները, որոնք իրենց խոսքում նշում են, որ չնայած վատ են ազգային բախումումները, չնայած կարող են ծանր հետևանքներ ունենալ, բայց այդ ամենը պատճառ ունի՝ Հայաստանի ագրեսիան և 30 տարի Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան, եթե դուք չեք ուզում, որ այս ազգամիջյան բախումը տեղափոխվի և սփռվի ձեր երկրում, ապա պետք է լուծել բուն պատճառը, այն է՝ հայերին ստիպել, որ ադ տարածքները զիջեն։ Սա շատ պարզ ու մտածված շանտաժ է՝ ուղղված Ռուսաստանի դեմ»,- ընդգծեց նա։
Արա Պապյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ կա ևս մի երկիր, որը որդեգրել է Ադրբեջանի նույն ռազմավարությունը՝ Թուրքիան։ Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Թուքիայի նպատակները շատ ավելի ընդգրկուն են․ «Չմոռանանք, որ փետրվարի վերջին, երբ թուրքերի և ռուսների միջև Սիրիայում եղավ բախում, Թուրքիայի վարչապետի խորհրդականը սպառնաց Ռուսաստանին, որ իրենք կտրոհեն Ռուսաստանը, որովհետև այնտեղ 35 մլն մուսուլման է ապրում։ Ես կարծում եմ, որ Թուրքիան փորձ է անում հայ-ադրբեջանական բախումներ հրահրելու միջոցով դրան հաղորդել ավելի մեծ ընդգրկում՝ տալով դրան որոշակի կրոնական երանգավարում՝ իրականացնելու տրոհելու ծրագիրը»,- նշեց նա։
Ադրբեջանցիների հենց այս ժամանակահատվածում նման վարքագծի դրսևորումը քաղաքագետն առաջին հերթին կապեց Ադրբեջանում տիրող ծանր տնտեսական կացության հետ․ «Ճիշտ է, Ապրիլյան պատերազմին նախորդել էր նավթի գնանկում, և Ադրբեջանում ծագել էին տնտեսական որոշ խնդիրներ, իսկ հիմա բացի նավթի գնանկումից գումարվել է մի շարք այլ տնտեսական խնդիրներ ևս, մասնավորապես՝ կորոնավիրուսը, նաև վերնախավում առկա մրցակցային լարված իրավիճակը։ Այս ամբողջը շեղելու համար Ալիևի կողմից կա շահագրգռվածություն, և պատահական չէ, որ ադրբեջանցի շատ վերլուծաբաններ, դեսպաններ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, բարձրաձայնեցին, որ դա Ալիևի կողմից հրահրված էր աշխարհին՝ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից շեղելու համար»,- ասաց Արա Պապյանը։
Քաղաքագետը այն կարծիքին է, որ Ադրբեջանը նման կերպ իրեն չդրսևորեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի որ այդ պատերազմում հաղթել էր Ադրբեջանը, իսկ հիմա հաղթանակը, միանշանակ, Հայաստանինն է․ «Ադրբեջանական կողմն այս անգամ բացահայտ պարտություն կրեց, իսկ 2016 թվականին, ի վերջո, պետք է ընդունենք, որ իրենք հաղթող կողմն էին, իսկ այդ հաղթող կողմը ունի հոգեբանական առավելություն։ Ինչքան էլ մերոնք ասեն՝ մենք հաղթեցինք, որովհետև Ադրբեջանը չհասավ իր նպատակին, բայց Ադրբեջանը 18 դիրք գրավեց, որոնցից 2-ը՝ ստրատեգիական կարևորության, էնպես որ Ապրիլյանի ժամանակ իրենք հոգեպես իրենց բավարաված էին զգում, իսկ հիմա՝ 4 տարի հետո՝ ոչ»,- եզրափակեց քաղքագետ Արա Պապյանը։
Զվարթ Պետրոսյան