Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Կոնգրեսում «Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծի ներկայացումը զայրացրել է պաշտոնական Բաքվին: Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի փոխնախագահ Ռովշան Ռզաևն առաջարկել է մեջլիսում անցկացնել օրինագիծ «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» խորագրով:
Նախագծում իբր նշվելու է Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին: Այն հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ էներգետիկայի, անվտանգության և ռազմական բնագավառներում, ինչպես նաև դադարեցնել ադրբեջանցի զինվորականների խաղաղարար առաքելությունն Աֆղանստանում, արգելել Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ի ռազմական բեռների տեղափոխումը, ինչպես նաև հեռացնել Միացյալ Նահանգներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից: