Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում Մինսկի խմբի համանախագահներին՝ ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը։ Այդ մասին News.am-ի հարցին ի պատասխան ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը:

 

«Վերջին քննադատությունը ամերիկացի համախագահի դեմ Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր պատասխանատվությունը նրանց վրա բարդել»,-նշել է փոխարտգործնախարարը։

 

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը քննադատել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։