Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով' Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանը պետք է ներկայանա լավագույն մարզիկներով: «Բավականին բարդ է լինելու այդ ամենը կազմակերպել: Կա բացման և փակման արարողություն, որտեղ պարտադիր է դրոշի ծածանումը, հայկական թիմի մասնակցությունը և այլն: Տարբեր բաներ են անվտանգության ապահովումը և նպաստավոր պայմաններ ստեղծելը»,-շեշտեց Ջուլֆալակյանը:
Վերջինիս խոսքով' ինքը եղել է Բաքվում 2007 թվականին: «Այդ ժամանակ ևս ոչ մի խնդիր չեղավ, գնացինք և առողջ հետ եկանք, բայց թե ինչ կատարվեց մեր մարզիկների հետ, ինչ արեցին մրցավարները և կազմակերպիչները, պարզապես տեսնել էր պետք: Այստեղ մտածելու լուրջ առիթ կա: Ես վստահ եմ, որ մեր պատկան մարմինները շատ լուրջ կքննարկեն և խորությամբ կկշռադատեն: Հավանականությունը մեծ է, որ ադրբեջանական կողմը պարզապես կեղտոտ ձևով թույլ չտա հայկական եռագույնի բարձրացումը»,-նկատեց նա:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի խոսքով' կարելի է մասնակցել այդ խաղերին միայն լավագույն կազմով: «Այստեղ քանակը կարևոր չէ, այլ որակն է շատ կարևոր: Պետք է Բաքու մեկնեն միայն և միայն լավագույնները: Ադրբեջանը ոչ մի բնագավառում առիթը բաց չի թողնում ենթատեքստ հաղորդելու համար: Իսկ սպորտը հենց այն լծակներից է, որտեղ չի մի գումար և միջոց չի խնայվում Ադրբեջանի կողմից: Սա շատ հակասական պահ է»: