Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել «հնարավորինս շուտ» եռակողմ շփման խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մինսկում, որպեսզի մինչեւ դեկտեմբերի 9-ը կարելի լինի հասնել հրադադարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Պորոշենկոն ԵԱՀԿ-ի ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինիի հետ կայացած հանդիպմանը նաեւ կարեւորել է շփման խմբի դերը: Տալյավինին իր հերթին ընդգծել է, որ Մինսկի սեպտեմբերի 5-ի պայմանավորվածությունները եւ սեպտեմբերի 19-ի հուշագիրը «Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման հիմքն են, եւ դրանք պետք է կատարեն բոլոր կողմերը»:

 

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Մինսկում բանակցությունների նոր փուլը կկայանա դեկտեմբերի 9-ին: Ինչպես հայտնել է Պորոշենկոն, դրանց ընթացքում պլանավորվում է հաստատել Մինսկի համաձայնագրի կատարման ծրագիրը:

 

Իր հերթին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը պնդում էհանդիպման ամսաթիվը դեկտեմբերի 12 տեղափոխելը: Ինչպես պարզաբանել է ԴԺՀ-ի Ժողովրդական խորհրդի փոխխոսնակ Դենիս Պուշիլինը, «կուտակվել են մեծ թվով հարցեր, որոնք համաձայնեցում են պահանջում», այլապես «դրանք պարզապես չեն լուծվի»: